Աշխարհը ցնցված է, թե ԱՄՆ քաղաքականությունը որքան անկանխատեսելի է դարձել. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը քննադատել է Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «անհասկանալի ռազմական հռետորաբանությունը»:
«Նման հակամարտությունները հայտարարություններից են սկսվում, բայց ավարտվում են ռազմական գործողությամբ»,- Kolner Stadt-Anzeiger պարբոերականի հետ հարցազրույցում հայտարարել է նախարարը:
«Ամբողջ աշխարհը ցնցված է, թե որքան անկանխատեսելի է դարձել ԱՄՆ-ի քաղաքականությունը: Դժվար է հասկանալ, թե այնտեղ ով է ղեկավարը»,- ասել է Գաբրիելը: Նա նշել է, թե այն դեպքում, երբ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը սխալ են համարում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական միջամտությունը, Թրամփի շրջապատում անձինք կան, որոնք «ցանկանում են օրենքի ուժը փոխարինել ավելի ուժեղի իրավունքով»:
«Սա հակադրվում է այն ամենին, ինչը մինչ օրս կապել է Արեւմուտքին՝ համընդհանուր արժեքներ, ինչպիսին են ազատությունը, ժողովրդավարությունը եւ իրավունքը»,- նշել է ԱԳ նախարարը՝ հավելելով. «Այն հանգամանքը, որ ամերիկացիները հրաժարվում են սրանից, Արեւմուտքին թուլացնում է»:
Հյուսիսային Կորեայի շուրջ հակամարտությունում, նախարարի խոսքով, «դիվանագիտության ժամն է եկել, բայց ոչ ռազմակոչի»: «Ըստ էության, այս իրավիճակի վտանգավորությունն այն է, որ ակամա թեժացումը կարող է անսպասելի պատերազմի վերածվել»,- նախազգուշացրել է Գաբրիելը: