25.11.2024
ԵՄ հետ վիզայի դյուրացման ռեժիմից արդեն օգտվել է 55 հազար Վրաստանի քաղաքացի
prev Նախորդ նորություն

«Գազպրոմի» հետ ՀՀ գազի տրանզիտի նոր պայմանագիրը օպտիմալ լուծում է. վրաց նախարար

Իլիյա Էլոիշվիլին տաս օր առաջ նշանակվեց Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնում: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նոր նախարարն անդրադարձել է «Գազպրոմի» հետ կնքված նոր պայմանագրին, որով Հայաստան գազի տարանցման համար ռուսական ընկերությունն այսուհետ Վրաստանին վճարելու է ոչ թե հումքով, ինչպես նախկինում էր, այլ գումարով: 


Ըստ նոր նախարարի՝ պայմանագրի պայմանները չեն վատթարացել, ինչպես հայտարարում են ընդդիմախոսները, պարզապես վրացական կողմը հաշվի առավ առկա իրավիճակը և ռիսկերը, որոնք նոր պայմանագիր չկնքելու դեպքում անխուսափելի էին և տվյալ պարագայում ընդունվեց ամենաօպտիմալ տարբերակը՝ այսուհետ տրանզիտի դիմաց վճարելու են գումարով: Պայմանագիրը, հիշեցրել է նախարարը, կնքվել է երկու տարի ժամկետով և վրացական կողմն այսուհետ ավելի քիչ կախվածություն կունենա ռուսական գազից:


Հարցին, թե ինչու բանակցություններն այդքան երկար տևեցին, նա պատասխանել է, որ դրանք սովորական բանակցություններ էին, որոնց ընթացքում վրացական կողմն ուսումնասիրում էր իրավիճակը և այլ երկրներում գոյություն ունեցող պրակտիկան, քննարկումներ էր անցկացնում:


«Նոր պայմանագրի ամենադրական կողմն այն է, որ մենք պարտավորություններ չունենք Ռուսաստանից վառելիքի որևէ ծավալ գնելու վերաբերյալ: Եթե մեզ անհրաժեշտ լինի «Գազպրոմ»-ի գազը, և դրա պատճառը լինի ներքին դեֆիցիտը, մենք անպայման այն կգնենք, և ոչ մի դեպքում մեր բնակչությանը չենք թողնի առանց լույսի և գազի»,- ասել է Էլոշվիլին՝ հավելելով, որ նախկին պայմանագիրը ձևավորվել էր բոլորովին այլ հանգամանքներում և իրավիճակում:


Նախկին նախարար Կախա Քալաձեն ժամանակին հայտարարել էր, որ Վրաստանը մտադիր չէ ռուսական գազ ձեռք բերել 2017 թվականին: Հարցին՝ նշանակում է սա, արդյոք, որ Վրաստանը, անհրաժեշտության դեպքում, հավելյալ գազ ձեռք կբերի Ադրբեջանից, էներգետիկայի նոր նախարարը արձագանքել է.


«Չեմ կարող հստակ պատասխանել, բայց եթե նման հայտարարություն արվել է, ապա դա նշանակում է, որ հավելյալ գազ ձեռք բերելու անհրաժեշտություն չկա: Կարծում եմ, Քալաձեի կարծիքով Վրաստանը ռուսական հավելյալ գազ ձեռք բերելու կարիք չունի»:


Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե «Շահ Դենիզ» նախագծի ավարտից հետո հնարավորություն կլինի «բանակցել» «Գազպրոմի» հետ 10 տոկոս հումքի մասով, որը Վրաստանը ստանում էր Հայաստան մատակարարվելիք գազի դիմաց, Էլոիշիվիլին հայտարարել է, որ 10 տոկոս տրանզիտի դիմաց սխեման արդեն անցյալում է, «Գազպրոմը» դրան երբեք չի վերադառնա.


«Նախկին պայմանագիրը կնքվել էր լրիվ այլ իրավիճակում ու այլ պայմաններում: Իսկ երկու տարի անց Վրաստանը կունենա իր գազի պահուստը, որտեղ կկարողանա կենտրոնացնել գազի հավելյալ պաշարները: Մենք կունենանք ավելի շատ հնարավորություններ ավելի լավ պայմաններ ապահովելու համար: Մենք նախատեսում ենք շինարարությունը մեկնարկել 2018-ին, իսկ արդեն 2020 թվականին պահուստը կհանձնվի շահագործման»,- հավելել է վրաց նախարարը: