25.11.2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչերը քաղաքական լոկ հայտարարություններ են. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հովիկ Աբրահամյանը վաճառել է իր ընկերությունները և կապիտալը տեղափոխում է Գերմանիա

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնում է Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի մի մասը, մասնավորապես՝ «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»: Երեկ մեր լուրը պաշտոնապես հաստատեցին: Օլիգարխին պատկանող ընկերությունից՝ «Ալեքս տեքստիլի» մարկետինգային հարցերով պատասխանատու Քրիստինա Ներսեսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ տրիկոտաժի ֆաբրիկայի տարածքը մոտ մեկ-երկու ամիս առաջ է գնվել: «Նպատակը տնային տեքստիլի արտադրություն սկսելն է: Արտադրվելու է սրբիչ, ինչպես նաև կտորեղենի արտադրություն է լինելու»,- ասաց ընկերության մենեջերը՝ հավելելով, որ մինչև այս տար­վա վերջ կամ գուցե հաջորդ տարվա սկիզբ պլանավորում են սկսել արտադրությունը: Գրել էինք նաև, որ Ալեքսանյանը ձեռք է բերել Աբրահամյանին պատկանող մեկ այլ՝ «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարանը» ևս: Այս մասով էլ հաստատեցին մեր տեղեկությունը՝ մեզ փոխանցեցին, որ «Մեխզավոդը» գնվել է, այն վատ վիճակում է և այժմ վերանորոգ­վում է: Թե երբ կվերագործարկվի, հայտնի չէ, բայց «մեծ թվով աշխատատեղեր կբացվեն»: Հիշեցնենք, որ այս ձեռնարկու­թյունները պատկանում էին ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով, ըստ լուրերի, կապիտալը տեղափոխում է Գերմանիա՝ պատ­րաստվում է այնտեղ բիզնես ծավալել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված մարզադաշտը: «Մենք չենք կարողանում պահել, մեկը պետք է գնի, որ վերականգնի»,- ասել է նա: Աուդիտորական ընկերությունը գնահատել է մարզադաշտը 113 միլիոն դոլար: «Դա շուկայական գին է, բայց Հայաստանում էդքան չեն տա, թեպետ 4-5 հարյուր միլիոն դոլար էլ ծախսեն, նման ստադիոն չեն կա­րող ստեղծել: Մենք ավելի խելքին մոտ գնով ենք ուզում վաճառել»,- ասել է Աղաբաբյանը՝ չհստակեցնելով գինը: Վաճառքից ստացած գումարով նա նոր արտադրություն կհիմնի. «Չեմ պատրաստ­վում այդ գումարները տանել ու ներդնել շվեյցարիաներում, ես կդնեմ ջրի արտադրության մեջ»: «Դիլիջան ջրի» օրինակով, որը ևս Աղաբաբյանին է պատկանում, նոր արտադրություն է հիմնելու. «Այդ արտադրության հաջող փորձ ունենք, ԱՄՆ-ի հետ ենք աշխատում, արտահանում ենք: Ինձ հա­մար կարևոր է, որ նոր զորացրված տղաներն աշխատանք ունենան, և նոր արտադրամասում հենց նրանց կընդունենք աշխատանքի»»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում հարկային արտոնություններ տվեց անցած տարեվերջին գրանցված «Գրին ֆարմեր» անունով մի ընկերության: Այս որոշման հմայքն այն է, որ ընկերության բաժնետերերի կազմում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի երկու որդիները՝ Հենրիկ և Ռուբեն Հարությունյանները: Վերջիններս, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն, տիրապետում են նշված ընկերության բաժնետոմսերի 17-ական տոկոսների: Այսինքն՝ երկուսով միասին այդ ընկերության 34 տոկոսի սեփականատերերն են: Մնացած 66 տոկոսի սեփականատերը Արման Աբրահամյան անուն-ազգանունով քաղաքացի է, որի ով լինելը երեկ պարզել չկարողացանք:


Կառավարության որոշմամբ՝ «Գրին Ֆարմեր» ընկերությունը, որը Երասխում հիմնում է ինտենսիվ այգիներ և պատրաստվում է ավելի քան 2 միլիոն դոլարի ներդրում իրականացնել, ազատվելու է ներկրող ապրանքների մաքսատուրքից, ինչպես նաև երեք տարով հետաձգվելու է սահմանի վրա գանձվելիք ավելացված արժեքի հարկի վճարումը: Այլ կերպ ասած, կառավարությունը հերթական անգամ արտոնություն է սահմանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի հարազատներին պատկանող ընկերության համար: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեից հաստատեցին, որ նշված ընկերության բաժնետերերը ՊԵԿ նախագահի որդիներն են: Սակայն, ըստ մեզ տրամադրած պարզաբանման, նշված բիզնեսով զբաղվելու նախապատրաստական աշխատանքները սկսված են եղել ավելի քան մեկ տարի առաջ, երբ Վարդան Հարությունյանը պետական պաշտոն դեռ չէր զբաղեցնում: Դատելով ծրագրի մասշտաբներից և բիզնեսի յուրահատկություններից, այս պնդումը համոզիչ է թվում: Նշենք, որ Վարդան Հարությունյանի որդիների մասնակցությամբ այս ընկերությունը Կոտայքի մարզում կառուցում է մեծ ջերմոց, որտեղ ներդրումների ծավալը կազմում է շուրջ 12 միլիոն դոլար: Դրա շինարարությունը մոտենում է ավարտին: Այս կառույցի համար սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ փաստաթղթեր կառավարության պահոցներում չհայտնաբերեցինք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին տարբեր շրջանակներում ուսումնասիրում են «դասալիքների»՝ զինծառայությունից խուսափածների ցանկը, թե ովքեր կարող են հաջորդիվ հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Անգամ պատկան մարմիններին հարցումներ են ուղարկում։ Օրինակ՝ ուսումնասիրում են դատախազության կազմը, որտեղ դասալիքների մի հսկա բանակ է պատսպարվել՝ սկսած գլխավոր դատախազից, վերջացրած Երեւանի եւ վարչական շրջանների դատախազներով։ Ոչ պակաս մեծ բանակ կա նաև դատական համակարգում՝ 1979-ից հետո ծնված դատավորների մեծ մասը չի ծառայել, ավելին՝ նրանցից շատերը կասկածելի ծագմամբ մասնավոր բուհեր են ավարտել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առաջին նստաշրջանից հետո իշխող ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան» դաշինքի պահվածքը։ Հանրապետականները կարծում են, որ դաշինքը տեղ-տեղ իրեն «ճիշտ» չի պահում, օրինակ՝ կառավարության հաշվետվության քվեարկության ժամանակ։ Քվեարկությունից առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հորդորել է «ԾԴ»-ին չմասնակցել քվեարկությանը, քանի որ ՀՀԿ-ն քվորումի խնդիր ունի, պարզվում է՝ Վահրամ Բաղդասարյանը դաշինքի անդամներին խորհուրդ է տվել ընդունել «Ելք»-ի առաջարկը, քանի որ քվորումի խնդիր չի եղել, սակայն վերջիններս անդրդվելի են մնացել, մասնակցել ու դեմ են քվեարկել հաշվետվությանը»: