24.11.2024
Today’s Zaman. Անկարան չեղյալ է հայտարարվել Գալիպոլիի տոնակատարութնունները
prev Նախորդ նորություն

Թուրքիայում հերքում են Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ հայտարարելու լուրը

Թուրքական Daily Sabah թերթը, հղում անելով իր աղբյուրներին թե՛ նախագահի ապարատում, թե՛ վարչապետի աշխատակազմում, հերքում է ընդդիմադիր Today's Zaman պարբերականի կիրակնօրյա համարում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ իշխանությունները չեղյալ են հայտարարել Գալիպոլիի ճակատամարտում 1915 թվականին Օսմանյան կայսրության տարած հաղթանակի 100-րդ տարեդարձի կապակցությամբ այս տարվա ապրիլի 24-ին նշանակված տոնական միջոցառումները:

Today's Zaman-ը, որը հայտնի է ընդդիմադիր Գյուլեն շարժման հետ ունեցած կապերով, հղում անելով անանուն պետական մի պաշտոնյայի, գրել էր, որ միջոցառումը չեղյալ է հայտարարվել, քանի որ ուղարկված հրավերներին տրված դրական պատասխանների քանակը չափազանց փոքր է: Daily Sabah-ի հետ զրույցում հերքելով այս տեղեկատվությունը՝ նախագահականում և վարչապետի ապարատում թերթի աղբյուրները հրաժարվել են մանրամասներ հրապարակել այն մասին, թե որ երկրների ներկայացուցիչներն են պատրաստակամություն հայտնել մասնակցել միջոցառմանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմետ Դավութօղլուն հրավերներ են ուղարկել 102 պետությունների ղեկավարների, այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը կոշտ պատասխան էր տվել Էրդողանի հրավերին և նշել, որ Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը նշելով ապրիլի 24-ին՝ Թուրքիան նպատակ ունի համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղել։

«Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին», - նշել էր Հայաստանի նախագահը և հիշեցրել, որ ավելի վաղ ինքն է Էրդողանին հրավիրել Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

«Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»,- գրել էր Հայաստանի նախագահը։