23.11.2024
Թուրքիայում հերքում են Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ հայտարարելու լուրը
prev Նախորդ նորություն

Իրանի հետ բանակցություններում առաջընթացին դեմ է Իսրայելը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց է արձանագրվել։ Բանակցություններն ընթանում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի մասնակցությամբ։ Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունների պայմանների դեմ է Իսրայելը։

«Ինչպե՞ս է ամեն ինչ ընթանում. կարևորը որ ընթանում է», - այսպես է մեկնաբանում բանակցությունների ընթացքը Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը: Միացյալ Նահանգներն ու Իրանն արդեն հայտարարել են, որ Ժնևում անցնող բանակցությունների ընթացքում հաջողվել է առաջընթաց գրանցել: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ չնայած որոշ խոչընդոտներին, օրինակ՝ Իրանի կողմից ուրանի հարստացման մակարդակի շուրջ անհամաձայնություններին, համաշխարհային տերություններն Իրանին հետաքրքիր առաջարկություններ են արել՝ պայմանավորվածության հասնելու համար, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

«Այժմ կպարզվի՝ արդյոք Իրանն իր խոսքերը կհամատեղի՞ գործի հետ և կապացուցի՞, որ իր ծրագիրը լիովին խաղաղ նպատակների է ուղղված», - ասել է Քերրին: Միացյալ Նահանգները նշում է, թե Իրանը պետք է բանակցող կողմերին ապացուցելի փաստեր տրամադրի, որ միջուկային զենք չի պատրաստելու: «Իրանի և «վեցնյակի» միջև բանակցություններում կարելի է համարել, որ տեղի ունեցել առաջընթաց: Մենք կանգնեցրել ենք Իրանի միջուկային ծրագրի իրականացման ընթացքը», - նշել է Քերրին, հայտնում է interfax-ը:

Այսպիսով, ըստ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Ըրնեսթի, մինչև հունիս վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու հավանականությունը 50 տոկոս է: Միևնույն ժամանակ, Իսրայելը լուրջ քննադատության է ենթարկել հնարավոր պայմանավորվածությունը, քանի որ, ըստ իսրայելական կողմի, այն կարող է ապակայունացնել տարածաշրջանը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքով, ինքը պատրաստվում է համոզել ԱՄՆ-ի կոնգրեսականներին, որ Իրանի հետ համաձայնագիրը վտանգավոր է Իսրայելի, ինչպես նաև՝ տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար: