Լիոնի նորընտիր հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել ՀՀ-ում ու Արցախում. Ասպարեզ
Լիոնի նոր քաղաքապետ ընտրված բժիշկ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ական թվականներին, ամենաշանր տարիներին մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ Արցախ եւ դժվարին վիրահատություններով կյանքեր է փրկել: Այս մասին ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթում գրել է թերթի խմբագիր Աբո Պողիկյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հպարտության զգացումով լսեցի Գեորգին՝ կես միլիոնից ավելի բնակիչ ունեցող Լիոնի Գործադիր իշխանության ղեկավար ընտրվելուն մասին: Իր հետ ծանոթացել եմ Դաշնակցության շարքերում, եւ իր հայրենասիրությունը ներշնչման աղբյուր կարող է լինել շատերի համար:
Թէեւ որեւէ քաղաքի պետ չի ընտրվել, բայց այս առթիվ ուզում եմ հպարտանալ նաեւ դաշնակցական մեկ այլ ընկերոջ՝ բժիշկ Կարո Դերձակյանի՝ Հայաստանում իրագործած աշխատանքներով: Նա էլ նույն մասնագիտությունն ունի եւ անկախության առաջին տարիներից ի վեր մինչեւ այսօր, հետեւողականորեն շարունակում է իր ծառայությունը՝ հայրենիքում առողջապահության ոլորտի զարգացման ուղղությամբ:
Ինչպե՞ս չհպարտանամ իմ դաշնակցական մէկ այլ բժիշկ ընկերոջով՝ դոկտոր Հրայր Հովակիմյանով, որ Հայաստանում երեխաների սրտի արատը բուժող վիրահատություններ է անում, միաժամանակ մարզելով երիտասարդ բժիշկների ամբողջ մի սերունդ՝ այդ եւ ընդհանրապես սրտի վիրահատության ոլորտը հասցնելով միջազգային ակնառու մակարդակի»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսահայ Ժորժ Քեփենեկյանն ընտրվել է Ֆրանսիայի 3-րդ խոշորագույն քաղաքի` Լիոնի քաղաքապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժերար Կոլոմին: Կոլոմը, որը երկրի նոր կառավարության կողմից նշանակվել է ներքին գործերի նախարարի պաշտոնում, ինքն էր առաջադրել Քեփենեկյանի թեկնածությունը: Հայտնի է, որ 2014թ. սկսած Քեփենեկյանը ծառայում էր որպես Լիոնի քաղաքապետի մշակութային և խոշոր միջոցառումների հարցերով առաջին տեղակալ:
Նշվում է, որ հայազգի գործիչը ծնվել է 1949թ.՝ օգոստոսի 9-ին: Նա մասնագիտությամբ ուրոլոգ-վիրաբույժ է: Քեփենեկյանը ֆրանսահայ համայնքի ակտիվ անդամ է, ինչպես նաև Լիոնի «Բուլուքյան հիմնադրամի» խորհրդի անդամ: Ֆրանսիական լրատվամիջոցները մատնանշում են, որ Քեփենեկյանը ամուր կապված է հայկական մշակույթին և հիշողությանը: Նա ակտիվ ներդրում է ունեցել քաղաքի զարգացման գործում: