Թուրքիան մոտ է Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման պայմանագրի ստորագրմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, հայտնում է Yeni Şafak պարբերականը:
«Մենք համաձայնագրի կնքման եզրափակիչ փուլում ենք, ոչ մի խնդիր չկա,- ասել է նա: - Ես չեմ կարող նշել ստորագրման ամսաթիվը, սակայն բոլոր դժվարությունները հաղթահարել ենք: Մենք մոտ ենք պայմանագրի ստորագրմանը»:
Հուլիսի սկզբին Ըշըքը տեղեկացրել էր, որ «Թուրքիան աշխատել է Ս-400-ի գնման ֆինանսավորման հարցի ուղղությամբ»: Միևնույն ժամանակ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ «խոսքը չի գնում Թուրքիային Ս-400 գնելու համար վարկ տրամադրելու մասին»:
Օրեր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը նշեց, որ Ռուսաստանից «C-400» զենիթահրթիռային համակարգներ ձեռք բերելը Թուրքիայի սուվերեն որոշումն է։ «Դա սուվերեն որոշում է»,-պատասխանել է Պենտագոնի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի հարցին «արդյոք ԱՄՆ-ն հավանություն է տալիս նման գործողություններին»։ Միաժամանակ նա հայտարարեց, որ հիմնական խնդիրն այն է, որ ռուսական և ՆԱՏՕ-ի համակարգերը ծրագրային անհամատեղելիություն ունեն։
Ավելի վաղ Bloomberg–ը, վկայակոչելով թուրք պաշտոնյային, հայտնել էր, որ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին 2,5 մլրդ դոլար վճարել Ս–400 զենիթահրթիռային համալիներ գնելու համար։
Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան Ս–400–ի 2 համալիր կստանա հաջորդ տարվա ընթացքում, որից հետո եւս 2 համալիր կարտադրվի հենց Թուրիքայում։ Ռուսական կողմը դեռեւս հրաժարվել է տեղեկության մեկնաբանությունից։ Bloomberg–ը հիշեցրել է, որ նախկինում Թուրքիան համանման համալիրներ ձեռք բերելու հարցում պայմանավորվել էր նաեւ Չինաստանի հետ, սակայն գործարքից հրաժարվել է ՆԱՏՕ–ի քննադատությունից հետո։ ԱՄՆ ճնշման ներքո Թուրքիան հրաժարվել է չինական ընկերությունից համակարգի գնումից, որը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ կապված Իրանին հրթիռներ վաճառելու կասկածների հետ։
Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ հաշվի առնելով ՌԴ-ՆԱՏՕ լարված հարաբերությունները, Ռուսաստանի հետ ռազմական գործարքի կայացումը նշանակում է, որ Անկարան երես է թեքել Հյուսիսատլանդյան դաշինքից:
С-400 «Տրիումֆը» (ՆԱՏՕ-ի որակավորմամբ՝ SA-21 Growler) մեծ եւ միջին հեռահարության ռուսական զենիթահրթիռային համալիր է, որը նախատեսված է օդատիեզերական հարձակման բոլոր ժամանակակից եւ հեռանկարային միջոցների ոչնչացման համար: Այն կարող է խոցել մինչեւ 400 կմ հեռավորությամբ աերոդինամիկ թիրախները եւ մինչեւ 60 կմ հեռավորությամբ՝ մարտավարական բալիստիկ թիրախները, որոնք թռչում են մինչեւ վայրկյանում 4,8 կմ արագությամբ, թեւավոր հրթիռները, մարտավարական եւ ռազմավարական ավիացիայի օդանավերը, բալիստիկ հրթիռների մարտական հատվածները:
ԶՀՀ ռադիոտեղորոշման միջոցները օդային թիրախների հայտնաբերումն ապահովում են մինչեւ 600 կմ հեռավորությամբ: