VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչը ո՞վ գողացավ». այս հայտնի պատմությունն է հիշեցնում ԿԸՀ գործունեության մասին խորհրդարան ներկայացված հաղորդումը: Բանն այն է, որ ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվող հաշվետվության մեջ ԿԸՀ-ն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն այնպես է նկարագրել, կարծես խոսում է ոչ թե մեզ հայտնի միջոցառման, այլ միանգամայն ուրիշ երկրում տեղի ունեցած ընտրությունների մասին: Որովհետեւ, եթե չեք մոռացել, հայաստանյան ընտրությունները եւս զերծ չմնացին կեղծիքներից: Պարզապես, կեղծիքներն արվեցին ոչ թե տեղամասերի ներսում (թեեւ որոշ ընտրատեղամասերում իշխանության ներկայացուցիչները բացահայտ վերահսկում էին մարդկանց քվեարկությունը), այլ դրանից դուրս. վարչական ռեսուրսի կիրառում, մարդկանց նկատմամբ ճնշումներ ու համատարած ընտրակաշառքի բաժանում. այդ ամենն արձանագրել էին միջազգային դիտորդներն ու Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպանատները, անգամ ՍԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ էլ փաստել էր ե՛ւ վարչական ռեսուրսի կիրառման, ե՛ւ ընտրակաշառքի բաժանման մասին տեղեկությունները՝ առաջարկելով ուժեղացնել համապատասխան օրենսդրական մեխանիզմները: Իսկ ահա ԿԸՀ-ն, որը իրավական հնարավորություններ ուներ այդ ամենի դեմն առնելու համար, ոչ միայն մատը մատին չխփեց, այլեւ ԱԺ ներկայացված հաղորդման մեջ անգամ որեւէ բառ չասաց այդ ամենի վերաբերյալ: Ու այդքանից հետո դեռ համարձակվում են պնդել, որ ընտրություններն անցել են ազատ եւ արդար՝ մոռանալով, որ ընտրական պրոցեսը միայն քվեարկության օրը թերթիկի վրա նշում անելը չէ»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում լարված իրավիճակ է: Այստեղ գրեթե յուրաքանչյուր շաբաթ աղմկահարույց դեպք է տեղի ունենում: Միայն վերջին երկու ամսվա ընթացքում Գյումրիում կրակոցի, դանակահարության մի քանի դեպք է տեղի ունեցել: Մայիսի 5-ին սպանված գտան Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի առաջին նրբանցքի 11 առանձնատան բնակիչ Ստեփան Մարկոսյանին: Այս դեպքից մի քանի օր անց՝ մայիսի 18-ին, մահացած գտան Գյումրու Կամոյի 71ա շենքի առաջին հարկի 3-րդ բնակարան բնակիչ, 22-ամյա Արթուր Հարությունյանին: Երիտասարդի մահվան հետ կապված ոչ պաշտոնական մի քանի վարկած շրջանառվեց, բայց պաշտոնապես իրավապահների կողմից դեռ որեւէ հայտարարություն չի եղել:
Հունիսի 8-ին սկանդալային ծեծկռտուք էր տեղի ունեցել նշյալ փողոցի Շախմատի դպրոցի դիմաց: ՀՀԿ-ական, Գյումրու գազի գրասենյակի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանի վարորդի եւ Գյումրու ավագանու անդամ Վարդան Եդիգարյանի սկանդալային վիճաբանությունը, ըստ ականատեսների, ավարտվել էր կրակոցներով, թեեւ դատախազությունը հերքեց այդ տեղեկությունները: Հունիսի 25-ին կրկին Սայաթ-Նովա փողոցում սրճարաններից մեկի դիմաց օրենքով գողերի պատճառով տեղի էր ունեցել կրակահերթերի «հրավառություն», որի հետեւանքով տուժել էր 1981 թվականի ծնված Գեորգի Հակոբյանը, նա դեռ ապաքինվում է: Խոսվեց, որ այս կրակոցների մեջ խառն է գյումրեցի հայտնի գող Զապի մատը, բայց այս խոսակցությունները կրկին չհաստատվեցին: Այժմ իրավապահները հետախուզում են հայտարարել 34-ամյա Արտյոմ Ղազարյանի նկատմամբ, նա Զապի` Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին է: Այս գործի շրջանակներում ձերբակալվել է Չախալ Կարենը` 31-ամյա Կարեն Սարգսյանը:
Ամենաթարմ կրիմինալ դեպքը Գյումրիում տեղի է ունեցել երեկ` հուլիսի 9-ին: 21-ամյա մի տղա կենցաղային վեճի պատճառով դանակահարել էր 35-ամյա Սամվել Հովհաննիսյանին: Վերջինիս պատճառելով կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր: Քննչական կոմիտեն արդեն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ գործի շրջանակներում կա ձերբակալված անձ: Դատախազությունը եւ ոստիկանությունը, կարծես թե, անգործության են մատնված: Ըստ երեւույթին, չեն ցանկանում կոնֆլիկտ ունենալ կրիմինալ աշխարհի դեմքերի հետ: Մնում է սեփական անձն անվնաս պահել սեփական միջոցներով, ինչպես անում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս խստացրել է հատկապես Գյումրու քաղաքապետարանի ներսի անվտանգության հսկողությունը եւ հատկապես՝ 3-րդ հարկում, որտեղ գտնվում է իր աշխատասենյակը»:
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը: Սակայն, ի զարմանս բոլորի, նա ոչ մի կերպ չանդրադարձավ իրենից անմիջապես առաջ ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանի «քուանշներին» ու «քյափը կապուտներին»: Չանդրադարձավ նաեւ բավականին լուրջ մեղադրանքներին, թե բանտերից բաց էին թողնվել մարդասպաններ, որոնք պետք է ապահովեին ձայներ ՀՀԿ-ի համար: Փաստորեն, Նիկոլի տերմինաբանությամբ ասած, Կոստանյանը «չսրեց» Նիկոլի քուանշը: Կոստանյանի ելույթի հիմնական մասը հիշեցնում էր մասամբ դատախազության աշխատանքի նոր մեթոդների վերաբերյալ դասախոսություն, մասամբ էլ՝ ընդդիմադիր պատգամավորի կողմից հնչեցվող մտահոգություններ: Սակայն Կոստանյանի ելույթի բարձրաոճ տոնայնությունը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ նրան հասավ ԱԺ նախագահի գրությունը: Նա, աչքի պոչով այն կարդալով, կտրուկ իջեցրեց ձայնը, փոխեց դեմքի արտահայտությունը եւ սկսեց խոսել այն մասին, որ նա եւ ՀՀԿ խմբակցությունը վստահում են գլխավոր դատախազին, եւ այդ ոճի մեջ եւս մի 2 րոպե խոսելով ավարտեց ելույթը: Թե ինչ էր գրված այդ թղթի վրա, որն այդպիսի մոգակա ազդեցություն տվեց Կոստանյանի վրա, կիմանան միայն ինքը եւ ԱԺ նախագահ Բաբլոյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ 21 տարի այս աթոռն զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին պետք է հրաժեշտ տա պաշտոնին, քանի որ դառնում է 70 տարեկան։ Թեկնածուներից է Հրայր Թովմասյանը։ Խոսվում է նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասին, ում 40-ամյակը կլրանա այս հոկտեմբերին եւ նոր Սահմանադրությամբ կբավարարի պահանջվող տարիքային շեմը։ Նոր Սահմանադրությամբ՝ ՍԴ անդամ դառնալու համար թեկնածուն ոչ միայն պետք է 40 տարին բոլորած լինի, այլեւ մասնագիտական աշխատանքի 15 տարվա փորձ ունենա: Կոստանյանի աշխատանքային կենսագրությունն սկսվում է 1995-ից։ Նա իր նշանակման մասին հարցին ի պատասխան երեկ ասել է, որ «լուրեր» չի մեկնաբանում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Դատախազի օրվա առթիվ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն իր նախկին կառույցի աշխատակիցներին պարգեւատրել է, ինչը միանշանակ չի ընդունվել դատախազությունում․ ոմանք նախանձում են՝ իրենք չկան պարգեւատրվածների շարքում, ոմանք էլ դա համարում են նվաստացուցիչ․ «Ո՞նց կարող է քեզնից կարգավիճակով ցածր կառույցը քեզ պարգեւատրի, բա Կոստանյանի ժամանակ Գառնիկիչը ռիսկ կանե՞ր տենց բան աներ, էթիկայի հարց է»։ Կոմիտեից մեզ հայտնեցին, որ դատախազների տոնի առթիվ 11 դատախազներ խրախուսվել են՝ մի քանիսը շնորհակալագրեր են ստացել՝ վաստակի համար, կրծքանշաններ, մեդալներ։ Դատախազներից 2-ն էլ դրամական խրախուսանք՝ 200 հազար դրամ։ Ովքե՞ր են այդ երկուսը, քննչականից չպատասխանեցին՝ անձնական տվյալներ չեն կարող հայտնել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: Այս քրեական գործի նախաքննությունը Քննչական կոմիտեից տեղափոխվեց ԱԱԾ: Եվ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գործով կալանավորվածներից մեկը որոշել է ցուցմունքը փոխել: Ընդ որում, խոսքը հիմնական գործով անցնող անձանցից մեկի մասին է, որի ցուցմունքների հիման վրա կալանավորվել են այլ անձիք: Ամենայն հավանականությամբ, վերջինիս վրա որոշակի ճնշումներ են եղել, որ ուրիշների կալանավորման պատճառ է դարձել, եւ նա որոշել է այսպես փրկել իրավիճակը: Թեեւ չի բացառվում, որ ցուցմունքները փոխելը չօգնի կալանավորվածներին ազատ արձակելու հարցում: Ամեն դեպքում քննչական մարմինները սպասում են, թե ցուցմունքները ինչ հիմնավորմամբ եւ ինչ բովանդակությամբ են փոփոխության ենթարկվելու»:
«Փաստ» օրաթերթը զրուցել է Արցախի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադեւոսյանի` Կոմանդոսի հետ.
Դուք նոր եք վերադարձել Արցախից, ինչպիսի՞ն է վիճակն այնտեղ: Ինչպե՞ս է մարդկանց տրամադրությունը:
Մարդկանց տրամադրությունները մարտական են: Ընդամենը մի քիչ լարվածություն առաջացավ վերջին դեպքերի առնչությամբ: Իրավիճակը սրվեց ու կրակեցին Հարավային թեւի ուղղությամբ: Սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, եւ արտառոց որեւէ բան չկա ժողովրդի եւ՛ տրամադրության, եւ՛ ընկալումների մեջ: Ավելին ասեմ` զինվորականները հոգեպես ավելի պինդ են, քան մենք եւ դուք, այստեղ` Երեւանում գտնվող մարդիկ: Որովհետեւ դիրքերում կանգնած մեր տղաներն ավելի լավ են պատկերացնում իրավիճակը, ավելի լավ գիտեն, թե ինչն ինչոց է: Պարզապես վերջին դեպքերի առնչությամբ հետեւյալը պետք է ասեմ` ինչպես միշտ, այս անգամ էլ էր այդպես `մենք սպասում ենք, որ մեզ նեղացնեն, նոր պատասխանենք նրանց: Ճիշտ է` լա՛վ ենք պատասխանում: Բայցեւ միշտ հարցը մնում է` ե՞րբ են նորից հարձակվելու, որ մենք էլ նորից պատասխանը տանք: Այսպիսի շրջանակ է ստեղծվել:
Իսկ խուճապային տրամադրություն գոյություն չո՞ւնի մարդկանց մոտ:
Ոչ մի խուճապ: Խուճապն այստեղ` Երեւանում ենք մենք ապրում: Արցախում շատ հանգիստ են, աշխատում ու ապրում են մարդիկ: Այն էլ ասեմ, որ հենց դա էլ հակառակորդի նպատակն է` Ալիեւի տակտիկան նաեւ մեր ժողովրդին խուճապի մեջ գցելն է: Իսկ մենք դա պետք է հասկանանք ու այնպես անենք, որ ժողովուրդը խուճապի մեջ չընկնի: Եվ բանն այն է, որ ո՛չ միայն մեզ, նա ձգտում է խուճապի մեջ գցել նաեւ ի՛ր ժողովրդին, ի՛ր հասարակությանը: