Հրաչյա Հարությունյանի գործով որոշումը կայացված է, տեղափոխման գործընթացը սկսվել է. Քրմոյան
ՌԴ-ում դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատարանի վճիռը կայացվել է, այն արդեն ուժի մեջ է մտել, իսկ համաձայն լրատվամիջոցների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքով ներքին տեղափոխումն իրականացվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ արդարադատության նախարարությունը Ռուսաստանի գործընկեր կառույցների հետ փորձում անել է ամեն ինչ, որպեսզի ՀՀ քաղաքացին տեղափոխվի Հայաստան և պատիժը կրի հայրենիքում.
«Հարցը գտնվում է ՌԴ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակներում և առավել հստակ ժամկետներ դեռևս նշել չենք կարող: Հստակ է, որ որոշումը կայացված է և մեկնարկել է տեղափոխման գործընթացը»,- նշեց նա:
Հիշեցնենք, գարնանը հայտնի դարձավ, որ Գյումրու Ավետիսյանների ընտանիքը սպանած Վալերի Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում: Վերջինս 2016 թվականի օգոստոսի 23-ին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ ՌԴ գարնիզոնային ռազմական դատարանը նրան դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Դրան հաջորդեց լուրն այն մասին, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել և ՌԴ-ում դատապարտված Հրաչյա Հարությունյանը առաջիկայում կփոխանցվի Հայաստանին:
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը ներկայումս Ռուսաստանի Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում կրում է պատիժը՝ 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկումը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Հետաքննությունը պարզել էր, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի հետեւանքով արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել և Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Վճիռը հրապարակելուց հետո մեկնարկեց Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը, որը մտել է վերջնական փուլ: