Ավետիսյանների ընտանիքը սպանած Վալերի Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Հյուսիսկովկասյան զինվորական դատարանի դատական ներկայացուցիչը: Նշենք, որ դատարանը նախօրեին օրինական ճանաչեց հայկական դատարանի որոշումը:
Հիշեցնենք, 2016 թվականի օգոստոսի 23-ին դատարանը Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման: Իսկ ՌԴ գարնիզոնային ռազմական դատարանը նրան դատապարտել է 10 տարվա ազատազրկման:
Դատարանի ներկայացուցիչը հայտարարել է, թե՝ «իհարկե նա պատիժը կկրի Ռուսաստանում», սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ որ շրջանում:
Հիշեցնենք, ավելի վաղ Վերաքննիչ դատարանը մերժել էր վարույթ ընդունել Ավետիսյան ընտանիքի իրավահաջորդների բողոքը, ինչը նշանակում է, որ վճիռը օրինական ուժի մեջ է մտել և Արդարադատության նախարարությունը պետք է որոշում կայացնի պատժի կրման մասով:
Այս կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հայտնել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը փորձում են գտնել իրավական լուծումներ՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կատարումն ապահովելու համար:
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկվում է ՌԴ քաղաքացի, ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը: Հաշվի առնելով, որ առկա է իրավիճակ, երբ նշված անձի վերաբերյալ կան ե´ւ Ռուսաստանի Դաշնության, ե´ւ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված վճիռներ, բնականաբար, այդ քննարկումները ներկայում իրականացվում են նաեւ ռուսական կողմի հետ՝ նպատակ հետապնդելով գտնելու անհրաժեշտ իրավական լուծումներ պատժի կատարումն ապահովելու համար: Կայացված որոշման վերաբերյալ Արդարադատության նախարարությունը կտեղեկացնի հանրությանը»,- նշել է նախարարի տեղակալը:
Ավելի վաղ VERELQ-ի հետ զրույցում փոխնախարարը չէր բացառել այն հանգամանքը, որ Պերմյակովը պատիժը կկրի ՌԴ-ում: Հարցին՝ հայկական կողմը պնդո՞ւմ է, որպեսզի Պերմյակովը Հայաստանում պատիժը կրի, նա, մասնավորապես, ասել էր.
«Մենք ունենք բավականին հետաքրքիր, ոչ մի միջազգային պայմանագրով չնախատեսված մի իրավիճակ, երբ նույն անձը դատապարտված է և’ Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից, և’ Հայաստանի դատարանի կողմից: Եվ կարող ենք ասել, որ այս իրավիճակը համապատասխան լուծումներ է մեզանից պահանջում և ներկայումս այդ աշխատանքն ընթանում է: Նպատակը մեկն է` այդ անձը պետք է կարողանա պատիժը կրի դատարանով նախատեսված սահմաններում»:
Այս ամենում ուշագրավն այն է, որ անընդհատ առաջ է քաշվում ՌԴ-ում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի գործոնը, իսկ քանի որ օրեր առաջ արդարադատության նախարարությունը հաստատեց, որ Հարությունյանը կփոխանցվի Հայաստան՝ այս երկու գործընթացի միջև զուգահեռներ նշմարվեցին: Վիգեն Քոչարյանի խոսքով՝ դրանք բացարձակապես տարբեր գործընթացներ են, իսկ նման փոխանակման գործընթաց ընդհանրապես հնարավոր չէ: