2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել։ Այդ մասին ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, հայտնում է NEWS.am-ը:
Շաբոյանի խոսքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա այս ժամանակահատվածում սովորաբար կրկնակի անգամ ավելանում է շաքարավազի սպառման պահանջարկը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը առավել հետեւողական է վերոնշյալ շուկայի նկատմամբ: «Հանձնաժողովը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երեւան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով»,-նշել է նա։
Ըստ Շաբոյանի, ամփոփելով մոինթորինգի արդյունքները, կարելի է արձանագրել, որ 2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել: «Մայրաքաղաքի գերիշխող դիրք զբաղեցնող վաճառքի կետերում 1 կիլոգրամ շաքարավազը նախկինի նման վաճառվում է 388-390 դրամով: Տեղեկացնենք նաեւ, որ առավել լայն սպառում ունի հենց հատկապես չփաթեթավորված շաքարավազը», - ասել է նա:
«Միաժամանակ, շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելացել է նաեւ ներկրողների թիվը: Այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից ունենք ավելի քան 20 տնտեսվարող, որոնք դեռեւս ոչ շատ մեծ քանակներով շաքարավազի ներկրում են իրականացնում: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ շուկան լիարժեք մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան»,-նշել է ՏՄՊՊՀ նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում շաքարավազի գինն այժմ բարձր է Վրաստանի ու անգամ Գերմանիայից: Մեկ կիլոգրամի գինը Հայաստանում 410 դրամ է սուպերմարկերներում:
Գերմանիայում շաքարավազը շարքային սուպերմարկետում արժե 69 եվրոցենտ (երկրորդ նկարում): Եթե հաշվի առնենք եվրոյի փոխարժեքը, ապա կստացվի, որ Գերմանիայում շաքարավազի գինը մոտ 350 դրամ է:
Հարեւան Վրաստանում երեկ մեկ կիլոգրամ շաքարը արժեր 1 լարի 55 թեթրի (աջ նկարում): Հայկական դրամով հաշված՝ մեր հարեւան երկրում շաքարն արժե 310 դրամ: Ակնհայտ է, որ Հայաստանում շաքարի այսպիսի բարձր գինը պայմանավորված է միայն ու բացառապես այդ շուկայի մոնոպոլիստի` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «ախորժակով»: Մոնոպոլ դիրքի այսպիսի խայտառակ չարաշահումը, սակայն, ոչ մի կերպ չի գրավում առավոտից երեկո մրցակցության մասին նեյնիմներ ու մուղամներ ձոնող իշխանության ուշադրությանը: