25.11.2024
Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Գեներալի զայրույթն ու ՀՀ իշխանական ապագա կոնֆիգուրացիան

 VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ նշելով, թե Հայաստանի ամենամեծ սխալը Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելն է եղել: «Ամենավառ սխալը, որն արվել է եւ վառ է իմ հիշողությունում, Լեռնային Ղարաբաղի դուրս մնալն է բանակցային գործընթացից: Դա տարբեր պատճառներով, իմ կարծիքով՝ ավելի շատ ոչ թե ներքին, այլ արտաքին ազդակներից ելնելով, իր ժամանակին արել է իմ կողմից շատ հարգված Ռոբերտ Քոչարյանը: Դա սխալ էր, որը շատ դժվար է ուղղել, եւ մինչ այժմ դա չի էլ հաջողվել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է վերջին օրերին շփման գծում լարվածությանն ու հրադադարի ռեժիմի խախտումներին, Զատուլինն ասել է, թե Ադրբեջանը նման քայլերով եւ լարվածությամբ փորձում է ուշադրություն գրավել Ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու վրա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը երեկ խիստ նյարդային էր, քայլում էր ԱԺ միջանցքներում եւ բարձրաձայն հայհոյում։ Դահլիճում նա բուռն զրույցի էր բռնվել վարչապետի հետ։ Հետո, դուրս գալով դահլիճից, պարզաբանեց, թե ոռոգման ջրի հետ կապված էին խոսում։ Իրականում, ասում են, Արմավիրի մարզի գյուղապետերն օրերս հանդիպել են նրա հետ եւ խնդրել կարկուտից տուժած գյուղացիներին օգնություն ցուցաբերելու հարցում սատարել։ Դեռ շաբաթներ առաջ, երբ Կ․ Կարապետյանը խորհրդարան էր բերել կառավարության ծրագիրը, Սարոյանը ելույթ ունեցավ եւ հորդորեց օգնել գյուղացիներին։ «Գյուղնախարարն էլ է տեղյակ էդ մասին՝ ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն է պատասխան տալու»,- հոխորտացել էր նա։ Պարզվում է՝ սայլը տեղից չի շարժվել, ինչից էլ գեներալը զայրացել էր»:


«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանում կառավարության ծրագրի հաստատումից հետո ջրերը փոքր-ինչ պարզվում են։ Մոտավորապես հասկանալի է դառնում, թե ինչ հեռանկարներ են ուրվագծվում 2018 թվականի ապրիլից հետո։ Այժմ ավելի առաջնային տեղ է գրավում այն տեսակետը, թե, այնուամենայնիվ, 2018-ին գործող վարչապետը, կարծես, շարունակելու է պաշտոնավարել: Միեւնույն ժամանակ նույն շրջանակների կողմից շրջանառվում է այն գաղափարը, թե դեյուրե վարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը, սակայն իրական լծակները լինելու են գործող նախագահի ձեռքին, ով պահպանելու է ռեալ իշխանությունը։ Ընդ որում, այդ գաղափարը պաշտոնապես հրապարակողները հենց ՀՀԿ վերին էշելոնի գործիչներն են՝ Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը։


Ի՞նչ զարգացումներ են սպասվում, եւ ի՞նչ համակարգ կարող է գործել 2018-ից հետո։ Այս պահին դժվար է ասել` արդյոք ի սկզբանե որեւէ պայմանավորվածություն եղե՞լ է գործող վարչապետի եւ նախագահի միջեւ, որոնք ստեղծեցին տանդեմ եւ՛ իշխանական կառավարման, եւ՛ քաղաքական առումներով։ Սակայն, կարծես թե, հեռանկարում հետեւյալ դասավորությունն է. 2018-ի ապրիլից հետո իշխանությունը դառնում է երկբեւեռ։ Այսինքն՝ ուժային եւ քաղաքական իշխանությունը կենտրոնանում է Սերժ Սարգսյանի ձեռքում, իսկ իշխանության տնտեսական հատվածն ամբողջությամբ վարչապետ Կարեն Կարապետյանի վերահսկողության շրջանակներում է։


Ի՞նչ բաղկացուցիչներ ունեն այդ իշխանությունները։ Սերժ Սարգսյանի ձեռքում, ինչպես նշեցինք, կենտրոնանում են պաշտպանության, ամենայն հավանականությամբ՝ ազգային անվտանգության համակարգերը, ինչ-որ բան, գուցե, ոստիկանական համակարգից։ Քաղաքական տեսակետից Սերժ Սարգսյանը, լինելով հանրապետական կուսակցության նախագահ, ըստ էության, ղեկավարելու է նաեւ խորհրդարանը, որն իր հերթին, բնականաբար, վերահսկելու է կառավարությունը։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իրականում վերահսկելու է ամեն ինչ՝ ուժային, քաղաքական ոլորտները, ԱԺ-ի միջոցով՝ նաեւ գործադիր իշխանությունը՝ ունենալով վարչապետի եւ կառավարության նշանակման վերահսկիչ փաթեթը։ Սա Սերժ Սարգսյանի իշխանության ապագա տեսլականն է։


Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա, ինչպես վերը նշվեց, նրա ձեռքում են լինելու տնտեսությունը, արտաքին տնտեսական հատվածը, եւ ինչպես շատերը նշում են, վարչապետը պնդելու է, որ իր վերահսկողության տակ անցնի նաեւ ոստիկանությունը, որպեսզի ինքն էլ ունենա որոշակի ուժային լծակներ, քանի որ շատ դեպքերում, առանց նման լծակների, նույն տնտեսությունում շատ հարցեր անհնար է լուծել։


2018 թվականին ուրվագծվող սցենարը սա է, որը կարծես արդեն շրջանառության մեջ է դրվում։ Այս պարագայում հասկանալի է, որ ֆորմալ առումով երկբեւեռ իշխանությունում բավականին շատ լծակներ մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին, եւ նա, ունենալով ԱԺ-ում վերահսկիչ փաթեթ, ցանկացած պահի կարող է փոխել վարչապետին։ Շատերն այսօր կենտրոնանում են 2018-ի վրա՝ քննարկելով վարչապետի հավանական թեկնածուների հարցը, սակայն սա ամենեւին չի նշանակում, որ եթե 2018-ի ապրիլին կոնկրետ գործչի վարչապետ նշանակելու որոշում ընդունվի, այդ որոշումը վերանայման ենթակա չի լինի 2018-ի սեպտեմբերին, դեկտեմբերին կամ, ասենք, 2019 թվականին։


Այս սցենարը, իհարկե, իշխանական վերնախավի մի հատվածի նախընտրելի տարբերակն է, այլ հարց է՝ որքան է դա սրտամոտ իշխանական ապագա կոնֆիգուրացիայի մյուս հատվածին։ Չի բացառվում՝ մինչեւ 2018-ի ապրիլը դեռ այլ տարբերակներ կամ եղածի ճշգրտումներ լինեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանն անհետացել է։ Նա ոչ խորհրդարան է գալիս, ոչ էլ կուսակիցների զանգերին պատասխանում։ Շատերը զարմացել են՝ նրան չտեսնելով մտերիմ ընկերոջ՝ Հարություն Քուշկյանի դստեր հարսանիքին։ Փոխարենը ներկա է եղել մեկ այլ նեղացած՝ Հովիկ Աբրահամյանը, ով լավ քեֆ է արել։ Իշխան Զաքարյանը նաեւ Համահայկական խաղերի կոմիտեի նախագահն է։ Ամառային խաղերն անցկացվում են 4 տարին մեկ, վերջինը եղել է 2015թ․ օգոստոսին, Արցախում։ Այնպես որ, մինչեւ հաջորդ խաղերը՝ 2019 թ, իշխանությունը պետք է Զաքարյանի սիրտը շահի»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «6-րդ գումարման ԱԺ կին պատգամավորները ներկայացրել են հայտարարագրեր իրենց ունեցվածքի վերաբերյալ: Armtimes.com-ը, ուսումնասիրելով դրանք, պարզել է, թե ովքեր են օրենսդիր մարմնի ամենահարուստ տիկնայք: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական, մասնագիտությամբ թատերագետ Նաիրա Զորհաբյանը 2017 թվականին երեք բնակարան է ձեռք բերել՝ տարբեր բնակելի շենքերում: Այս մասին տեղեկանում ենք նրա տարեկան հայտարարագրից: 2016 թվականին անշարժ գույք նա ընդհանրապես չի ունեցել: Պաշտոնը ստանձնելու պահին Զոհրաբյանի հանձնած փոխառությունները կազմել են 56 հազար ԱՄՆ դոլար եւ 10 հազար եվրո: Վերջինիս եկամուտը գոյացել է միայն աշխատավարձից, որը կազմում է մոտ 6 մլն դրամ: Ի տարբերություն Զոհրաբյանի, «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, անկուսակցական Կարինե Պողոսյանը ոչինչ չի հայտարարագրել: Նաիրա Զոհրաբյանից հետո, ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության կանանցից ունեւոր է նաեւ ատամնաբույժ Մարինա Մարգարյանը: Նա բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան եւ մեկ այլ շենքում ոչ բնակելի տարածք, ավտոտնակ: Այս խմբակցության մեկ այլ պատգամավոր, գրագանագետ Լուիզա Սարգսյանը ունի միայն մեկ բնակարան:


Ունեցվածքով աչքի չի ընկնում նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա բազմաբնակարան շենքում մեկ բնակարան ունի: ՀՀԿ-ական պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ, 5-րդ գումարման ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը տարբեր հասցեներում 4 հողամաս ունի, հողին ամրացված մեկ այլ անշարժ գույք, մեկ բնակարան, ավտոտնակ եւ մեկ առանձնատուն: Վերջինիս հաշվին առկա է 25 մլն ՀՀ դրամ եւ 5 հազար ԱՄՆ դոլար: Նաղդալյանի տարեկան եկամուտը կազմում է շուրջ 300 մլն, որը ձեւավորվել է աշխատավարձից եւ վարկերից: Նաղդալյանը իր անշարժ գույքերը ձեռք է բերել 2017-ին: 2016 թվականին նա ունեցել է 24 մլն դրամ արժողությամբ բաժնեմաս, որը օտարել է 490 մլն-ով:


Մասնագիտությամբ բանասեր, 2017 թվականից ՀՀԿ-ի շարքերը համալրած, նույն խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը հայտարարագրել է մեկ բնակարան, BMW X5 3.0 I մակնիշի ավտոմեքենա եւ 3 մլն ՀՀ դրամ: Սարդարյանի աշխատավարձից գոյացել է մոտ 8 մլն դրամ: Պարզվում է, որ Սարդարյանի գործերը լավացել են, երբ նա վարչապետ Կարապետյանի խորհրդականի վճարովի պաշտոնից (այժմ այդ պաշտոնին է հասարարական հիմունքներով) գնացել է ԱԺ: Կառավարությունում աշխատելիս նա չի ունեցել մեքենա եւ բնակարան: Դրանք ձեռք է բերել 2017 թվականին: Մանկավարժ, ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի ունեցածքը մեկ հողամաս է եւ 1 մլն դրամ: Նրա տարեկան եկամուտը մոտ 3 մլն դրամ է, որն աշխատավարձից է գոյացել: Զարմանալի է, բայց Բաղդասարյանը եւս մյուս գործընկերների նման ունեցվածքը ձեռք է բերել պատգամավոր դառնալու տարում: Սոցապ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս նա ոչ մի բան չի հայտարարագրել:


Երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը կուսակից գորընկերուհիների նման կարողություններ չունի: Նրա հայտարարագրածը միայն 7 մլն դրամ աշխատավարձն է: Դաշնակահար, դերասանուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հայտարարագրել է բազմաբնակարան շենքում գտնվող ոչ բնակելի տարածք, որը 2016 թվականին չի ունեցել: Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ Մարգարիտ Եսայանը ՀՀԿ մյուս կանանց զուգահեռ 2017-ին 2016-ի համեմատ կարողության կորուստ է ունեցել: Նա այժմ ունի հողամաս եւ առանձնատուն, իսկ 2016-ին ունեցել է երկու առանձնատուն, մեկ հողամաս եւ մեկ բնակարան, ինչպես նաեւ 4 հազար ԱՄՆ դոլար:


Քիչ կարողություններ չունի նաեւ ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Մասնագիտությամբ մաթեմատիկոս պատգամավորը ունի երկու բնակարան եւ մեկ հողամաս: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր, մանկավարժ Մանե Թանդիլյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ մլն դրամ եւ 100 ԱՄՆ դոլար: Նուն խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, լրագրող Լենա Նազարյանի ունեցվածքը մեկ առանձնատուն է եւ 1 մլն դրամ: Ներկայացված հայտարարագրերի համայձայն՝ ԱԺ-ի ամենահարուստ կանայք ՀՀԿ-ի տիկնայք են՝ Հերմինե Նաղդալյանը, Շուշան Սադարյանը, Կարինե Աճեմյանը եւ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զորհաբյանը»:


Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է հրապարակումը իր կարողության մասին.


«Ես ոչ 2017-ին, ոչ 2016-ին, ոչ 2015-ին, ոչ 2014-ին, ոչ 2013-ին, ոչ 2012-ին, բնակարան կամ հավաբուն անգամ ձեռք չեմ բերել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն`մարձագանքելով մամուլի հրապարակմանը, թե 2017 թվականին ինքը երեք բնակարան է ձեռք բերել, թեեւ հայտարարագրից նման բան չի երեւում:


«Ըստ իս, մամուլի այդ վրիպակը մեկ բանով կարող է պայմանավորված լինել`այս օրերին ջերմային ֆոնի բարձր ճնշմամբ եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ինդեքսով»,- հումորով նկատեց մեր զրուցակիցը`հավելելով. «Իսկ եթե ավելի լուրջ`ընդամենը պետք է լինել մի քիչ ավելի պրոֆեսիոնալ, մի քիչ ավելի ջանք գործադրել եւ կարդալ անցած տարիների բոլոր հայտարարագրերը`հասկանալու համար, թե մարդն ի՞նչ ունի, ե՞րբ է ձեռք բերել: Նշված բնակարաններից մեկը ձեռք է բերվել 2008 թվականին, մյուսը`2011 թվականին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ «Ոսկե ծիրան 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կյանքի մասին մեկ գեղարվեստական՝ «Ծիրանի այգիներ» ֆիլմը, որի ռեժիսորը Փուրիա Հեյդարին է, և մեկ փաստավավերագրական ֆիլմ` «Լսիր ինձ», որի ռեժիսորն էլ Գագիկ Ղազարէն է: Գեղարվեստական ֆիլմում խաղում են հայ դերասաններ, իսկ երկրորդում իրական կերպարներ են: Նախնական տեղեկատվության համաձայն` երկու ֆիլմերն էլ պետք է հանդիսատեսին ներկայացվեին հուլիսի 13–ին, ժամը 12:00–ին և 14:00–ին, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի շենքում: Այս տեղեկությունը բուռն արձագանքի արժանացավ համացանցում: Սոցիալական ցանցերի օգտատերերը սկսեցին անգամ երջանկահիշատակ Հենրիկ Մալյանի «կողմից» մեջբերումներ անել: Կրկին հիշատակվեց փոքրամասնությունների կողմից մեծամասնությունների իրավունքները ոտնահարելու հերթական փորձի, այլ սեռական կողմնորոշման բացահայտ քարոզի և այլ թեմաների մասին, ինչն էլ հունից հանել էր մարդկանց ու անհանգստութան մեծ ալիք առաջացրել: Փաստի մասին պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք «Ոսկե ծիրանի» գրասենյակ, պարզելու, թե տեղյա՞կ են հասարակական ընդվզման մասին, բայց հարցի առաջին իսկ բառը լսելուն պես հեռախոսի այն կողմից տեղեկացրին, որ ֆիլմերը հանվել են փառատոնում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկից, որի մասին պաշտոնական հաղորդագրությունը գրասենյակը կտարածի այսօր: