24.11.2024
Գերմանիան Էրդողանին զգուշացրել է G20-ի ժամանակ զերծ մնալ թուրքերին կոչով դիմելուց
prev Նախորդ նորություն

Հաստատվեց Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման լուրը. ՌԴ նախագահն առավելություններ ունի

Պաշտոնական Մոսկվան տեղեկացրել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա Համբուրգում հուլիսի 7-ին Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը:


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ երկու գերտերությունների ղեկավարների հանդիպումը կարևոր նշանակություն ունի մասնավորապես Սիրիայի պատերազմի կարգավորման առումով:


Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում կայանալիք հանդիպումը, հիշեցնենք, կլինի երկու պետությունների ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, մինչ այդ նրանք միայն հեռախոսով են զրուցել՝ երեք անգամ, և փոխադարձ այցեր են կատարել ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը:


Ըստ CNN հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր է առաջին հերթին քննարկել Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ ՌԴ-ի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցույց տրվող աջակցությունը: Թրամփը նաեւ կարող է բարձրացնել ուկրաինական հարցը:


The Guardian պարբերկանը հոդված էր հրապարակել այս հանդիպման վերաբերյալ, որում նշվում է, որ Պուտինն առավելություններ կունենա Թրամփի հետ հանդիպման ժամանակ:


«ՌԴ նախագահն անսահմանափակ վերահսկողություն ունի արտաքին քաղաքական եւ ազգային անվտանգության ոլորտներում Ռուսաստանի ուղեգծի նկատմամբ, իսկ Թրամփի վերահսկողությունը սահմանափակ է: Թրամփը ցանկանում է, որ Պուտինի հետ հանդիպումը լինի պաշտոնական, սակայն նրա խորհրդականները չեն ցանկանում կարգավորել հարաբերությունները՝ պնդելով, որ Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ հստակ օրակարգ չի լինի եւ այն խորհրդակցական բնույթ կկրի», - նշում է հոդվածի հեղինակը: