Վրաստանն ադրբեջանցի լրագրողներին ու ակտիվիստներին փախստականի կարգավիճակ չի տրամադրում
2016-ից սկսած Վրաստանի կառավարությունը հրաժարվում է ադրբեջանցի ակտիվիստներին ու լրագրողներին փախստականի կարգավիճակ ու կեցության թույլատվություն տրամադրել։ Այս մասին ասվում է Ադրբեջանից փախած լրագրողների, քաղաքացիական ու քաղաքական ակտիվիստների (8 մարդ) գործերի առաջնային վերլուծության հիման վրա՝ Դասավանդման ու իրավունքների մշտադիտարկման կենտրոնի հաշվետվության մեջ, փոխանցում է «Վրաստան օնլայնը»։
Նշում են, որ այդ ժամանակաշրջանը համընկնում է ակտիվիստների նկատմամբ Ադրբեջանի կառավարության առանց այդ էլ ռեպրեսիվ քաղաքականության խստացման հետ։ Վրաստանի համապատասխան գերատեսչությունները Ադրբեջանում հետապնդվող լրագրողներին ու ակտիվիստներին փախստականի կարգավիճակ չտրամադրելը բացատրում են երկրի ազգային անվտանգության շահերով, որը «գրեթե անհնար է ստուգել՝ անվտանգության ծառայությունների համապատասխան եզրակացության գաղտնիության պատճառով»։
Զեկույցում ներկայացված գործերում նաեւ ակնհայտ են Վրաստանի տարածքոմ գտնվող ադրբեջանցի լրագրողների ու ակտիվիստների նկատմամբ (լրագրողներ Գյուլնուր Կազիմովայի, Լեյլա Մուստաֆաեւայի, Աֆղան Մուխթարլիի ու ակտիվիստ Վիդադ Իսգանդարովի) հետապնդման փաստերը, որը նրանց խոսքով իրականացնում են ադրբեջանական իշխանությունների հետ կապեր ունեցող մարդիկ։
Վրաստանի իրավապահ մարմինները ցուցադրաբար արդյունավետ արձագանք չեն ապահովում տվյալ միջադեպերին, այդ թվում առայսօր արդյունավետ չեն հետաքննվել հետապնդման ու ֆիզիկական հաշվեհարդարի դեպքերը։ Առանձին դեպքերում կասկածներ են առաջանում՝ Վրաստանի ու Ադրբեջանի իրավապահ կառույցների միջեւ համագործակցության մասին, ինչը ամենացայտունը դրսեւորվել է Աֆղան Մուխթարլիի բռնի անհետացման ու Ջամալու Ալիի մուտքի արգելման գործերում։
Հաշվի առնելով այս ամենը՝ կարեւոր է, որ Վրաստանի կառավարությունը գիտակցի գործընթացների կրիտիկական նշանակությունը ու Ադրբեջանում հետապնդվող լրագրողների ու ակտիվիստների համար ապահովի պայմաններ Վրաստանում օրինական բնակություն հաստատելու ու անվտանգ գործունեություն ծավալելու համար։