24.11.2024
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարգալույծ արվեց
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հողային ռեֆորմ՝ Հայաստանի կառավարությունը կանաչ լույս է վառում օլիգարխների համա՞ր

 VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Յուրի Խաչատուրովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն տեղափոխվելուց հետո ԱԱԽ քարտուղարի պարտականությունները իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է նախագահի աշխատակազմի ԱԱԽ քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանը: ԱԱԽ քարտուղարի մակարդակով հանդիպումներն անցկացնում է հենց Արմեն Գեւորգյանը: «Կա նախագահի կողմից հաստատված ծրագիր, մենք հենց 2014-ին ենք այդ ծրագրով առաջնորդվել եւ 2015-ին, 2015-ի կեսերին էլ, երբ ԱԱԽ քարտուղար չի եղել: Արմեն Գեւորգյանը եկավ, ստանձնեց քարտուղարի պարտականությունները, հետո եկավ պարոն Խաչատուրովը, ապա գնաց: Մենք ծրագրով աշխատում ենք: Ազգային, միջազգային միջոցառումները խստագույնս կատարվում են ըստ պլանի»,-ասել է Թանանյանը՝ նշելով, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցերին, թե այս փուլում ովքեր են ԱԱԽՔ-ի թեկնածուները, եթե կան այդպիսիք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում լուրեր են շրջում, որ լարված են վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները։ Բանն այն է, որ այժմ Կարեն Կարապետյանի շփումը մամուլի հետ ապահովում են նրա նորաթուխ, ոչ այնքան հայտնի խոսնակ Արամ Արարատյանը, հանրային կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Հռիփսիմե Առաքելյանը եւ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Ղազարյանը, ով անտեղյակ է այս ոլորտից։ Առանձնապես լարված հարաբերություններ ունեն Արամ Արարատյանը եւ Հռիփսիմե Առաքելյանը, որոնք առիթը բաց չեն թողնում «շեֆի մոտ միմյանց վրա բոչկա գլորելու» համար։ Այնպես, որ կառավարությունում դա քննարկման առարկա է դարձել։ Մյուս գերատեսչությունների խոսնակներն էլ, որոնք չգրված օրենքով ենթարկվում են կառավարության խոսնակներին, հայտնվել են երկու կրակի արանքում, չգիտեն ում ասածով շարժվեն»։


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կողմից Ազգային Ժողովի քնարկմանն է ուղարկվել «Հողային օրենսգրքում» եւ կից փաթեթով օրենսդրական փոփոխություների մի նախագիծ, որն ընդունվել է կառավարության մայիսի 18-ի նիստում: Հիմնական փոփոխությունը նախատեսված է Հողային օրենսգրքում: Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից: Կառավարությունում գտել են, որ «երբ սեփականատերը սահմանված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի եւ նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով եւ ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը»:


Պարզ ասած, եթե ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը չի վաճառում իր գյուղատնտեսական նշանակության հողամասը, ապա այն հարկադիր վաճառքի է հանվում: Օրինակ, գյուղապետարանը դիմում է դատարան ու հարկադիր վաճառքի է հանում, ստացած գումարը փոխանցում է արդեն նախկին սեփականատիրոջը: Քանի որ ԱԺ-ում Հանրապետականը մեծամասնություն ունի, այս օրենսդրական փաթեթն անխոչընդոտ կընդունի եւ ըստ էության 2017 թվականի վերջին կառավարությունն արդեն կունեն գյուղատնտեսական չօգտագործվող հողերի ողջ բազան, որին կհաջորդի հարկադիր վաճառքի գործընթացը:


Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն այսօր լավագույնս մշակում են Հայաստանի օլիգարխները: Նախկին վարչապետ, դոլարային միլիոնատեր Հովիկ Աբրահամյանն, օրինակ, պոմիդոր աճեցնելով է հարստացել, երբ գյուղացիները վարկերի պատճառով զրկվում էին իրենց տներից եւ այլ ունեցվածքից: Նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանի անվան հետ է կապվում Հայաստանի ջերմոցային տնտեսություններից մեկը: Վերահսկիչ Պալատի նախկին նախագահ, այժմ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը նույնպես այգեգործության ոլորտում հաջողությունների է հասել եւ ասպես շարունակ: Ենթադրենք, 2018 թվականին համատարած վաճառքի հանվեցին քաղաքացիությունը կորցրած գյուղացիների հողերը, ովքե՞ր պետք է դրանք գնեն, եթե ոչ օլիգարխները, եթե ոչ արտոնություններից օգտվողները: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը կանաչ լույս է վառում օլիգարխների համար՝ տնտեսությունն ակտիվացնելու «ազնիվ նպատակով»:


«168 ժամ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ տվյալ դեպքում ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը՝ «Արեւելյան գործընկերությունը» հակառուսական գործիք դարձնելու վերաբերյալ, անգամ ակնարկ չէ, այլ բաց տեքստով հայտարարություն է՝ ուղղված հայկական կողմին, քանի որ Հայաստանը շարունակում է, ինչպես հայտնի է, «կիսվել» Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ, եւ խոսակցություններն այն մասին՝ վերադառնա՞լ դեպի ԵՄ, թե՞ մնալ ռուսական ուղեծրում, հայկական հասարակությունում շարունակվում են։ Իսկ ամենագլխավորն այն է, որ նոյեմբերին սպասվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, այսինքն՝ Սերժ Սարգսյանը կանգնած է ընտրության առաջ՝ ստորագրե՞լ, թե՞ չստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը։ Ես կարծում եմ, որ նա ավելի շուտ չի ստորագրի։


Ձեր ակտուալ օրակարգի բովանդակությանը, թե վերջին շրջանում ինչ է քննարկվում Հայաստանում, նույնն է՝ շահավե՞տ է Հայաստանին ԵՏՄ-ում լինելը, թե՞ ոչ։ 2016թ. ՀՀ տնտեսությունը գրեթե 0-ական աճ է ունեցել»,- «168 ժամ»-ին ասել է Ռուսաստանի քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը՝ մեկնաբանելով, թե ում է ուղղված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ «Արեւելյան գործընկերությունը» հակառուսական նախագծի վերածելու ցանկացողներ կան, որ այդ ծրագիրն օգտագործվել է, որպեսզի թիրախային երկրները կեղծ ընտրության առաջ կանգնեցվեն։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ հարգում է Հայաստանին՝ որպես գործընկեր, համարում է, որ Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն իրականացնել իր ներքին ու արտաքին քաղաքականությունը, ունի լիակատար ինքնիշխանությունը, որը Ռուսաստանը ոչ մի դեպքում չի սահմանափակի: «Հասկանալի է, որ Հայաստանը կարող է ստորագրել համաձայնագիրը, եւ, մեծ հաշվով, աշխարհը փուլ չի գա, Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն խզվի, բայց այստեղ կարեւոր է, թե ինչ բնույթ են կրելու այդ հարաբերությունները»,- հայտարարել է նա:


Նա նաեւ հավելել է. «Առայժմ բոլորը հասկանում են, որ ճիշտ չէ Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսել, դրա անհրաժեշտությունը չկա, եւ բոլորը փորձում են այս կամ այն կերպ Հայաստանի վրա ազդել: Եվրամիությունը փորձում է ազդել հայկական հասարակական կազմակերպությունների միջոցով, աջակցում է դրանց զարգացմանը, Մոսկվան հիշեցնում է, թե որքանով է Հայաստանի անվտանգությունը կախված Ռուսաստանի հետ ընկերությունից, եւ այլն։ Յուրաքանչյուր կողմը «վերմակը» ձգում է դեպի իրեն, եւ ոչ մի նորություն այստեղ չկա»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հակոբ Բեգլարյանը, ով ՀՀԿ մեծամասնական կարգով այս տարվա ապրիլին պատգամավոր է ընտրվել Երեւանի թիվ 4 ընտրատարածքից, երկու ավտոմեքենա ունի՝ «BMW X5 4.4 I» եւ «LEXUS LS 460»: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Հակոբ Բեգլարյանը նաեւ բաժնետոմսեր ունի երկու տարբեր ընկերություններում, համապատասխանաբար՝ 19 միլիոն 231 հազար եւ 40 հազար դրամի չափով: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 37 միլիոն դրամ, 72 հազար եվրո եւ 100 հազար ամերիկյան դոլար, եկամուտները՝ 2 միլիոն 120 հազար դրամ եւ ստացվել աշխատավարձից: Որպես անշարժ գույք Բեգլարյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք՝ երկուական բնակարան եւ հողամաս, թվով 3 բազմաբնակարան բնակելի շենքի տարածք, մեկ բազմաբնակարան բնակելի շենք եւ մեկ հողին ամրակայված այլ անշարժ գույք»: