24.11.2024
Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է էներգետիկ համակարգի ներդրումային ծրագրերով
prev Նախորդ նորություն

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարգալույծ արվեց

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը պաշտոնապես զրկել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից: Այս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»։


Արամ Աթեշյանի պաշտոնանկության մասին որոշումը կայացվել է 22 կողմ, 2 դեմ ձայնով այս առավոտ։


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել է, Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008 թվականից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից: Այս փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն, որի ժամանակ ձայների մեծամասնությամբ ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, սակայն տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: Սակայն մայիսի 24-ին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական տվեց:


2016-ի հունիսի 2-ին, երբ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, Աթեշյանը նամակով դիմել էր Թուրքիայի նախագահ Ռէջեփ Թայիփ Էրդողանին, որում տեղեկացրել էր, թե՝ «Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից: Բանաձեւի ընդունումը հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել»: Սա բուռն քննադատությունների և բողոքի ալիք էր բարձրացրել, անգամ ԱԺ պատգամավորները հայտարարություններով հանդես եկան, որում դատապարտեցին Աթեշյանին: Այդ պահից սկսած թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում նրա հրաժարականի պահանջը հասունացավ: