Իշխանությունը վստահ է, ընդդիմությունը՝ կասկածում. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի՞
2016 թվականին ՀՀ պետական բյուջեին Եվրամիության կողմից հատկացվել է 27.5 մլն եվրո: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, 2016 թվականին ՀՀ-ԵՄ առևտրային և քաղաքական հարաբերությունները բավականին հագեցած են եղել: Տարվա ընթացքում պաշտոնական մի շարք կարևոր երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում մի շարք կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել, այդ թվում՝ 2016թ. ԵՄ-ն 7 մլն եվրո է հատկացրել ընտրական գործընթացների բարեփոխումների համար: Իսկ արդեն այս տարի, շարունակեց նա, ավիացիոն գոտու վերաբերյալ երկկողմ բանակցություններ են սկսվել:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց՝ իշխանությունները վստա՞հ են, որ աշնանը կստորագրվի ասոցացման համաձայնագիր ՀՀ-ի ու Եվրամիության միջև: Քոչարյանն արձանագրեց՝ փաստաթուղթը նախաստորագրվել է և, այո, նախատեսվում է, որ այն աշնանը պետք է ստորագրվի.
«Արդյունքների մասին կխոսենք արդեն մյուս տարի»,- նշեց փոխարտգործնախարարը:
Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, հիշեցրեց, որ նման տխուր փորձ արդեն ունեցել են 2013 թվականին՝ երկար ճանապարհ անցած ու նախապատրաստված համաձայնագիրն այդպես էլ չստորագրվեց: Բայց, ավելացրեց Էնֆիաջյանը, եթե փոխնախարարը վստահեցնում է, ապա լուրջ կընդունի:
«Ես ձեր մտավախությունները հասկանում եմ, բայց աշնանը կտեսնեք»,- հավելեց Շավարշ Քոչարյանը: