27.11.2024
ՀՀ-ում ԱՄՆ-ի բիոլոգիական լաբորատորիաները ռազմական նպատակ են հետապնդում. փորձագետներ
prev Նախորդ նորություն

Իրավիճակն Արցախում սրվում է. ի՞նչ կասեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

Արցախի իշխանությունները որևէ տարօրինակ բան չեն տեսնում Ադրբեջանի գործողություններում, որոնց արդյունքում Արցախում հունիսի 16-ին երեք զինծառայող է զոհվել: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:


«Մեզ համար ողբերգություն է, մենք ունեցանք երեք զոհ, ողջ ազգը սգում է, սա ամենավատ, ամենաանդառնալի կորուստն է, բայց ադրբեջանական գործողություններում որեւէ տարօրինակություն չկա, միշտ եղել է ահաբեկչական, հանցագործ ու նենգ պետություն եւ կրկին անգամ դիմել է ահաբեկչական քայլի, այսինքն ահաբեկիչներին եւ հանցագործներին բնորոշ վարքագիծ է դրսեւորել»,- ասաց Դավիթ Բաբայանը, հայտնում է news.am:


Արցախում հունիսի 16-17-ին, ադրբեջանական զինուժի կրակոցի հետեւանքով 4 զինծառայող է զոհվել: Հունիսի 16-ին ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը, ինչպես հաղորդում է Արցախի ՊԲ-ն, հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):


Հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Նշվում է նաեւ, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով նաեւ երկու զինծառայող վիրավորում է ստացել: Նրանց այժմ տեղափոխում են Երեւան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորների մասին Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը դեռ լռում է:


Արցախի ՊԲ-ից միայն հայտնում են, որ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը և առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը:


Պաշտոնական Ստեփանակերտի բնորոշմամբ, ադրբեջանական կողմի գործողությունները խրախուսում է Թուրքիան, որի հետ համատեղ խոշոր զորավարժություններ են անցկացնում. «Սա միջազգային ահաբեկչության մի շղթա կարելի է համարել»:


Հիշեցնենք, որ Ադրբեջանը հունիսի 12-ից Թուրքիայի հետ համատեղ զրովարժություններ էր սկսել Նախիջևանում, որի ժամանակ ի թիվս այլ նոր զինտեխնիկայի ցուցադրել էր նաև «ТОС» հրանետային կայանքները: Հենց այդ օրերին «Արցախպրեսին» տված հացազրույցում Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրայթանը հայտարարել էր, որ «առաջնագծում իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների մշտական վերահսկողության ներքո»:


Ադրբեջանի զինվորական ղեկավարությունը հենց հունիսի 16-ին ազդարարեց նոր լայնամասշտաբ զորավարժություններ սկսելու մասին:


Դավիթ Բաբայանի կարծիքով, հունիսի 16-ին տեղի ունեցածը կարելի է համարել նաեւ Ադրբեջանի պատասխանը Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությանը: Նրա խոսքով, այժմ նույնպես համանախագահները պետք է կոշտ, խիստ եւ հասցեական հայտարարություն անեն: «Պետք է քայլեր ձեռնարկել ագրեսորին զսպելու համար: Մենք մեր կողմից դա անելու ենք, ինչպես եւ միշտ արել ենք, միջազգային հանրությունն անպայման պետք է նման կեցվածք դրսեւորի»,- նշեց նա:


Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների այցը Հայաստան և Արցախ: Սա միջնորդների առաջին այցն էր հակամարտության գոտի, ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած հակամարտության հերթական սրացումից հետո: Այդ ժամանակ միջնորդները հանդես եկան հասցեական հայտարարությամբ՝ նշելով, որ զինադադարը խախատել է ադրբեջանական զինուժը, ինչից հետո պատասխան գործողություններ է ձեռնարկել հայկական կողմը:


Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցի նպատակն էր՝ հստակեցնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Հայկական կողմը տարբեր մակարդակներում հստակ ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից սպասելիքն այն է, որպեսզի վերջապես նրանք հասնեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններըի կյանքի կոչմանը:


ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը մի քանի անգամ ընդգծեց, որ հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը:


Անցյալ տարի ապրիլայն ռազմական բախումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարսգայնն ու Իլհամ Ալիևը Վիեննայում և Սանկտ-Պետերբուգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պայմանավորվեցին հետևել զինադադարի ռեժիմին, մեծացնել շփման գծում մոնիտորինգ իրականացնող Անջեյ Կասպշիկի գրասենյակի դիտորդների թիվը և հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնել առաջնագծում:


Այդ հանդիպումներից գերթե անմիջապես հետո Բաքուն հրաժարվեց հետաքննության մեխանիզմների ներդրումից, իսկ ըստ ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ համաձայնեց մեծացնել միջազգային դիտորդների թիվը, սակայն դեռևս համաձայնեցված չեն նրանց տեղակայման վայրի հետ կապված հարցերը: