24.11.2024
«Ռուսական երկաթուղիները» շտկում են դիրքորոշումը Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք քիմիայի միջազգային օլիմպիադային

Հայաստանի դպրոցականները չեն մասնակցելու հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք՝ քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային, քանի որ ադրբեջանական իշխանությունները չեն տրամադրել անվտանգության պետական երաշխիքներ:

Ինչպես հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք՝ քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: Հայկական կողմը, ըստ տարածված հաղորդագրության, աշխատանքներ էր իրականացրել ազգային հավաքականի նախապատրաստման և գիտելիքի միջազգային ստուգատեսին հայ աշակերտների՝ հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Հայտարարվել էր նաև, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հայաստանի մասնակցության որոշման իրականացումը հնարավոր էր միայն Ադրբեջանի կողմից հայկական պատվիրակությանը պետական մակարդակով անվտանգության երաշխիքների տրամադրումից հետո: «Սակայն պաշտոնական Բաքուն մինչև միջազգային օլիմպիադային մասնակցելու համար գրանցման սահմանված ժամկետը (հունիսի 15-ը) այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմը անվտանգության պետական երաշխիքներ չստացավ», - նշվում է հաղորդագրությունում:

Հետևաբար, Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, ելնելով երեխաների անվտանգության նկատառումներից` ստիպված է հրաժարվել հայ դպրոցականների Բաքու մեկնելու որոշումից:

«Միաժամանակ հայկական կողմը արձանագրում է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է ջանքեր չխնայել՝ Հայաստանը միջազգային գործընթացներից մեկուսացնելու համար, անտեսել միջազգային հանրության կարծիքը, տասնամյակներ ձգվող տնտեսական շրջափակումը և քաղաքական հակասությունները տարածել նաև հումանիտար ոլորտում, մերժողական դիքորոշում ցուցաբարել հայկական կողմի կառուցողական նախաձեռնություններին», - նշված է հագորդագրության մեջ:

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խիստ դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների նման գործելաոճը և միջազգային պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրին` միաժամանակ կոչ անելով միջազգային կազմակերպություններին` հիմք ընդունելով նման դրսևորումները` գիտակրթական միջազգային միջոցառումներ, որոնց պետք է մասնակցեն նաև Հայաստանի պատվիրակությունները, Բաքվում այլևս չկազմակերպել», - ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: