Էրդողանը հավանության է արժանացրել Կատարում թուրք զինծառայողներ տեղակայելու օրենքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանության է արժանացրել Կատարում թուրք զինծառայողներ տեղակայելու մասին օրենքը՝ դրանով Կատարին աջակցելու ազդանշան տալով։ Վերջինը մեկուսացվել է, քանի որ մի շարք արաբական երկրներ խզել են Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները, փոխանցում է Reuters-ը։
Էրդողանը հավանության է արժանացրել Թուրքիայի եւ Կատարի միջեւ եւս մեկ համաձայնագիր՝ ռազմական նախապատրաստության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Թուրքիան նաեւ պարտավորվել է Կատար սննդամթերք ու ջուր մատակարարել։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կշարունակի զարգացնել Կատարի հետ հարաբերությունները։
Ընդհանուր առմամբ, 10 երկիր է խզել դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, ներառյալ՝ 7 արաբական պետություն: Կատարին մեղադրում են ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ։ Կատարը հերքում է մեղադրանքները։