24.11.2024
Ռուսաստանը, Իրանն ու ահաբեկչությունը գլխավոր սպառնալիքն են աշխարհում. ԱՄՆ փոխնախագահ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Կոնգրեսի ՆՊ-ն կքննարկի Էրդողանի թիկնազորի անդամների հարձակումը դատապարտող բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այսօր պատրաստվում է քննարկել մայիսի 16-ին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամների հարձակումը դատապարտող երկկուսակցական բանաձևը, որը կոչ է անում պատասխանատվության ենթարկել կատարվածի մեղավորներին, ինչպես նաև համապատասխան քայլեր ձեռնարկել ապագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար:


Asbarez-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը՝ մանրամասնելով, որ բանաձևը ներկայացվել է Արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան կոնգրեսականներ Էլիոթ Էնգելի, Քևին ՄքՔարթիի, Սթենի Հոյերի նախաձեռնությամբ: Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովը մայիսի 25-ին էր ընդունել բանաձևը, որին իր աջակցությունն է հայտնել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:


Նշենք, որ Թուրքիան չի ընդունում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովում ընդունված և Թուրքիայի նախագահի թիկնազորի՝ Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակումը դատապարտող բանաձևը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը բանաձևը համարել է սուբյեկտիվ և իրականությունը խեղաթյուրող: Ըստ թուրքական կողմի՝ ԱՄՆ-ն շտապել է բանաձևի ընդունման հարցում՝ չուսումնասիրելով խնդրի բոլոր կողմերը:


Հիշեցնենք, Վաշինգտոնում մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության աշխատակիցներն Էրդողանի աչքի առաջ դաժան ծեծի էին ենթարկել բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձանց, դարձել է Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների համար նոր մարտահրավեր: ԱՄՆ-ում չեն դադարում հնչել մեղադրանքների Թուրքիայի ու անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդաղանի հասցեին՝ անվանելով նրան «բռնապետ»: