Հրանտ Բագրատյան. Առջևում նոր տնտեսական ճգնաժամ է
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դուրս է գալիս կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, որին Միացյալ Նահանգները միացել էր Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ սա ուղիղ ճանապարհ է հարթում դեպի տնտեսական նոր ճգնաժամ:
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ն դուրս է գալիս 2015-ի դեկտեմբերի 12-ի փարիզյան համաձայնագրից, մյուս երկրները՝ Չինաստանից մինչև Չիլի, իրար ետևից ստիպված հետևում են ԱՄՆ հայտարարությանը։
«Շոկի մեջ եմ։ Այս համաձայնագիրը 21-րդ դարի մարդկության առայժմ միակ հաջողությունն է։ Ի՞նչ ասեմ՝ առջևում նոր տնտեսական ճգնաժամ է։ ԱՄՆ համար ամաչում եմ», - գրառել է նա Facebook իր էջում՝ հավելելով, որ հիմա էլ պետք է պայքարել ԱՄՆ-ում ժողովրդավարության համար։
Նշենք, որ Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը միավորում էր գրեթե ամբողջ աշխարհի երկրները, բացառությամբ Սիրիայի եւ Նիկարագուայի: Համաձայնագրին միացած երկրները պարտավորվել են կրճատել արտանետումները, որոնք բացասական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա: Արտանետումների կրճատումը ենթադրում է նաեւ նոր ծախսեր արտադրողների համար: