24.11.2024
Տիգրան Սարգսյան. Աշխարհին սպառնում է գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն դուրս եկավ կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դուրս է գալիս կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, որին Միացյալ Նահանգները միացել էր Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: Այս մասին հաղորդում է amerikayidzayn-ը:

«Ես ընտրվել եմ, որպեսզի ներկայացնեմ Փիթսբուրգի, ոչ թե Փարիզի քաղաքացիներին», - Միացյալ Նահանգները դուրս է գալու կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: Կարեւորագույն այս որոշման մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը.


«Միացյալ Նահանգները դուրս է գալու կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրից: Սակայն մենք սկսելու ենք քննարկումներ փարիզյան կամ մեկ այլ համաձայնագրի միանալու վերաբերյալ՝ Միացյալ Նահանգներին ձեռընտու պայմաններով»:


Նախագահ Թրամփի որոշումը նշանավորում է Վաշինգտոնի նախորդ վարչակազմի կողմից վարած կլիմայական փոփոխության դեմ պայքարի քաղաքականության շրջադարձային փոփոխությունը.


«Փարիզյան համաձայնագիրն անդամալույծ է անում Միացյալ Նահանգների տնտեսությունը, դարձնելով այն այլ մայրաքաղաքների եւ գլոբալ ակտիվիստների զոհ, որոնք խոշոր շահեր են ակնկալում մեր երկրի հաշվին: Նրանց համար Ամերիկան առաջնահերթություն չէ, ինձ համար՝ առաջնահերթություն է»:


Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը միավորում էր գրեթե ամբողջ աշխարհի երկրները, բացառությամբ Սիրիայի եւ Նիկարագուայի: Համաձայնագրին միացած երկրները պարտավորվել են կրճատել արտանետումները, որոնք բացասական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա: Արտանետումների կրճատումը ենթադրում է նաեւ նոր ծախսեր արտադրողների համար:


Մտահոգված գիտնականների միության ներկայացուցիչ Ալդեն Մեյերի խոսքով, այն կարծիքը, թե շրջակա միջավայրի պահպանությունը վնաս է հասցնում բիզնեսին, թյուր է.


«Իրականում գործարարների խոսքով, կլիմայի փոփոխությունը բացասաբար է ազդում նրանց աշխատանքի վրա, իսկ դրա դեմ պայքարի ծրագրերը նոր հնարավորություններ են բացում»:


Բնապահպանները հիշեցնում են, որ արտանետումների ծավալի իջեցումը ոչ թե տնտեսական, այլ Երկիր մոլորակի ապագայի խնդիրն է.


«Եթե մենք շարունակենք արտանետումների ներկա աստիճանը, 21-րդ դարի վերջին մոլորակի միջավայրը զգալիորեն կտարբերվի ներկա միջավայրից, ինչը Երկիր մոլորակի վրա ապրող մարդկանց եւ կենդանական աշխարհի համար վնասակար կլինի,», - նշում է Լոս Անջելեսի համալսարանի գիտնական Դենիել Սուեյնը:


Իր նորարարություններով հայտնի խոշոր գործարար Էլոն Մասքը, ով առաջին մասնավոր տիեզերանավը ստեղծած, Space X եւ Tesla էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ընկերությունների հիմնադիրն է, հայտարարել է, որ դուրս է գալու Սպիտակ տան բոլոր երեք խորհուրդներից, նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու դեպքում:


Դոնալդ Թրամփը սակայն համոզված է, որ Փարիզի համաձայնագիրն իր ներկա ձեւով անարդար պայմաններ է ստեղծում առանց այն էլ մաքուր աշխատող ամերիկյան ընկերությունների համար.


«Փարիզյան համաձայնագրի պահանջների կատարումը եւ սահմանափակումները կարող են Ամերիկայում 2 միլիոն 700 հազար աշխատատեղի կորստի հանգեցնել 2025 թվականին: Հավատացեք ինձ՝ սա այն չէ, ինչ մեզ անհրաժեշտ է»: