Հայաստանում հենց սկզբից արատավորվել է «Ազգ-բանակ» գաղափարը։ Բանակն ավելի շատ ընկալվում է իբրև պատժի տարածք, քան անվտանգություն ապահովող կառույց, իսկ զինվոր հասկացողությունը Հայաստանի բարոյական արժեհամակարգում երրորդական տեղում է: Այս մասին «Հոդված 3» ակումբում մկայացած «Ազգ-բանակ. անհրաժեշտ մոբիլիզացիա վտանգի դեմ, թե՞ միլիտարիզացիայի խորացում» թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով, իրականում պարզ չէ, թե ինչի մասին է այդ հայեցակարգը, քանի որ չկա հստակ կազմված փաստաթուղթ, այլ կան ընդամենը մի քանի գաղափարներ, որոնցից մեկը «1000 դրամների» պայմանական անունը ստացած նախաձեռնությունն էր, որը միանշանակ չընկալվեց հասարակության կողմից:
Հայեցակարգը ներկայացնելուց հետո հարցեր առաջացան, թե ի՞նչ է փոխվել բանակում, արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո ծագած խնդիրները լուծվել են, կոռուպցիոն ռիսկերի վերացման ուղղությամբ իրական աշխատանք է տարվել եւ, արդյո՞ք բանակն է այն հիմնական առանցքը, որի շուրջ պետք է համախմբվի ազգը, թե՞ իրավական-սոցիալական պետությունը, որի ղեկավարած բանակում կբացառվեն անարդարությունները, կոռուպցիան եւ վստահության բարձր մակարդակի դեպքում առանձին հայեցակարգերի կարիք չի լինի: Քննարկման մասնակիցները մտավախություն էին հայտնում, որ Հայաստանի պարագայում, երբ ժողովրդավարական քաղաքական համակարգի զարգացվածության խնդիրների ու քաղաքացիական ինստիտուտների ակնհայտ թուլության պայմաններում պետականաշինության առանցքում հայտնվում է «ազգ-բանակ» գաղափարը, ապա շեշտակի մեծանում է միլիտարիզացիայի վտանգը:
Այս համատեքստում երկու հիմնական հարցեր են առաջ գալիս: Առաջին, արտաքին վտանգը ստիպում է հասարակությանը մոբիլիզացնել եւ զարգացնել զինված ուժե՞րը, թե՞ խորացնել միլիտարիզացիան՝ հետին պլան մղելով տնտեսական զարգացումը եւ մարդու իրավունքները: Երկրորդ՝ ազգ-բանակ կոնցեպցիայի իրացման միջոցով զինված ուժերը կդառնան տնտեսության շարժիչ ո՞ւժ, թե՞ կավելացնեն պետության ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
Հենց այս խնդիրների մասին խոսելով՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը հիշեցրեց, որ ըստ տարբեր միջազգային մասնագիտացված կառույցների գնահատականների Հայաստանն Արեւելյան Եվրոպայում ամենառազմականացված երկիրն է: «Իսկ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ռազմականացումն ավելի է խորանում»,- ասաց նա՝ հավելելով, որ ազգ-բանակ գաղափարն, այս համատեքստում, առաջին հերթին Հայաստանի համար արտաքին քաղաքականության հայեցակարգն է:
«Այսինքն՝ Հայաստանն ինչ ձեւով է ներկայանում աշխարհին: Եթե այդ տեսանկյունից նայենք՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքականությունը, Հայաստանի ուղերձն ամբողջ աշխարհին ներկայացնի պաշտպանության նախարարը: Դա ինձ համար ցուցիչ է, որ Հայաստանը ռազմականացված երկիր է: ՀՀ-ն զարգանալու է միայն այդ ուղղությամբ, ո՞ւր են մնում ակտուալ խնդիրները՝ քաղաքական ճգնաժամ, կոռուպցիա եւ այլն: Արդյոք ազգ-բանակ կոնցեպտն առաջարկում է լուծումներ Հայաստանի տնտեսական զարգացման համար»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ երկրում միլիտարզիզացիայի խորացումը կարող է հանգեցնել բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության թուլացման ու որպես հետեւանք՝ ուժային կառույցների դերի շեշտակի աճի:
«Այն է՝ քաղաքացիական ու դեմոկրատական ինստիտուտների դերակատարությունը կարող է շեշտակի նվազել, հատկապես որ դեռ հասկանալի չէ, արդյոք այս հայեցակարգով լուծվում են բանակում առկա խնդիրները՝ կապված ոչ կանոնադրական հարաբերությունների, կոռուպցիայի հետ», - ասաց նա:
Քննարկման մյուս բանախոս Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանի կարծիքը տարբերվեց մյուս բանախոսների մոտեցումներից: Մատնանշելով բանակում առկա խնդիրները՝ նա սակայն «Ազգ-բանակ» հայեցակարգն համարում է դրանց լուծումներ տալու հնարավորություն:
«Ազգ-բանակում պետք է ձեւավորվեն մեխանիզմներ, որով կոռուպցիայի դեմ կպայքարենք: Հայաստանն իր ստեղծման օրվանից եղել է ազգ-բանակ կոնցեպտի մեջ: 1991-ին, երբ սկսել ենք ու ունեցել ենք ռազմական գործողություններ, հազարավոր մարդիկ գնացել են երկիր պաշտպանելու, ազգ-բանակ չէ՞ր, հազարավոր մարդիկ սփյուռքից գումարներ են ուղարկել, որ կարողանան զենք, ուտելիք գնեն, ազգ-բանակի կոնցեպտ չէ՞», - ասաց նա՝ հավելելով, որ այս հայեցակարգում ճիշտ եւ իրականությունից բխող մոտեցումների ամրագրամն եւ դրանք կյանքի կոչման պարագայում հնարավոր կլինի դրական արդյունքի հասնել:
«Մենք ցանկանում ենք դառնալ այնպիսի երկիր, ինչպիսին է Շվեյցարիան կամ Իսրայելը, բայց պարզվում է՝ նրանք ազգ-բանակով են այդպես դարձել», - հակադարձեց նա:
Քննարկմանը ներկա որոշ քաղաքացիներ եւ փորձագետներ չհամաձայնեցին Պողոսյանի մատնանշած Շվեյցարիայի եւ Իսրայելի համեմատությունների հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: