24.11.2024
Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ. ՀՀԿ-ն հրապարակեց անունները
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ապագա կառավարությունն ու ԱԺ ղեկավարությունը լինելու են ժամանակավոր

Վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում, Ֆոտո՝ Civilnet.am
Վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում, Ֆոտո՝ Civilnet.am

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նոր նախագահը լինելու է ՀՀԿ-ական, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը. երեկ նման որոշում է կայացվել ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերում: ՀՀԿ-ից են լինելու նաև ԱԺ փոխնախագահներից երկուսը. այդ պաշտոններում իշխող կուսակցությունն առաջադրելու է Էդուարդ Շարմազանովին ու Արփինե Հովհաննիսյանին, իսկ խորհրդարանի փոխխոսնակի՝ ընդդիմությանը բաժին հասնող աթոռը տրվելու է ԲՀԿ-ին. այս կուսակցությունն էլ երեկ որոշել է առաջադրել Միքայել Մելքումյանին: ԱԺ նախագահի պաշտոնում Բաբլոյանի առաջադրումն իրականում անակնկալ էր. նրա անունը չէր շրջանառվում հավանական թեկնածուների շարքում, և ընդհանրապես, Բաբլոյանը չի համարվում քաղաքական կերպար, թեև 1991-97թթ. եղել է առողջապահության նախարար: Բաբլոյանն առանձնապես չի ասոցացվել նաև ՀՀԿ-ի հետ, թեև այս ընտրություններում ՀՀԿ ցուցակի չորրորդ համարն էր:


Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Արա Բաբլոյանը վարկաբեկված անձ չէ, ապա նրա թեկնածության առաջադրումը միանգամայն նորմալ կարելի է համարել: Բայց մյուս կողմից նրա թեկնածությունը տարօրինակ է, քանի որ Բաբլոյանը, բացի ապաքաղաքական մարդ լինելուց, նաև տարիքով է. նա 70 տարեկան է, մեկ տարով ավելի մեծ, քան Գալուստ Սահակյանը: Այնպես որ, ՀՀԿ պնդումները, թե իրենք ԱԺ են բերել թարմ դեմքերի, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը:


Բայց մյուս կողմից, մեր աղբյուրների պնդմամբ, ե՛ւ ապագա կառավարությունը, ե՛ւ նոր խորհրդարանի ղեկավարությունը լինելու են ժամանակավոր: Իշխանության հիմնական կազմը կձևավորվի 2018թ. ապրիլից, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, և նա, հավանաբար որպես նոր վարչապետ, ձևավորի իր թիմը: Սպասվում է, որ այսօր նոր ԱԺ-ի կազմավորումից ու առաջին նիստից հետո հրաժարական կտա կառավարությունը: Վարչապետի պաշտոնում նորից նշանակվելու է Կարեն Կարապետյանը, և նրա հրամանագիրը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, լինելու է շատ օպերատիվ՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Հ. Գ. Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցած մեր երկրում խորհրդարանի ղեկավար կազմը (բժշկի նախագահությամբ) հայտնի դարձավ մայիսի 17-ին: Հիշեցնենք, որ 1990թ. մայիսի 17-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանեց նույնասեռականությունը հոգեկան հիվանդությունների ցանկից, և այդ օրը հայտարարվեց հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:


«Ժողովուրդ» օրաթերթին ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստից ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Ինչպես հայտնի է՝ այդ նիստին ներկա են եղել նորընտիր պատգամավորները, այդ թվում՝ ժամանակին ինքնաբացարկի դիմում գրած, բայց ԿԸՀ-ում այդ դիմումից հրաժարված յոթ հոգին, բացի «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանից, որ հետընտրական սկանդալից հետո լքել է Հայաստանը: Նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր դեմ ըմբոստացած պատգամավորներին ասել է, որ նրանք, այնուամենայնիվ, պատգամավորական լիազորությունները վայր դնելու դիմումները պետք է այսօր ներկայացնեն, բայց ոչ թե ԱԺ նախագահին, այլ անձամբ իրեն, եւ այդ դիմումների հետագա ընթացքն ինքն է որոշելու: Ասել է, թե իր հետ պայմանավորվածություն ձեռք բերած, սակայն այդ պայմանավորվածության դեմ ըմբոստացածներին Ծառուկյանը շարունակում է պահել անորոշության մեջ: Ի դեպ, նիստի ժամանակ Ծառուկյանն ասել է. «Ինձ համար հետաքրքիր էր իմանալ՝ ինչ են ասում, ով է բզբզում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի բարեկարգ աշխատասենյակները կրկին թափով մարդկանց է հասել: Թոխմախի Մհերի երկսենյականոց աշխատասենյակում նոր գումարման խորհրդարանում օրենսդիր բուռն գործունեություն կծավալի Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, ով պատգամավոր է դարձել Երեւանի Կենտրոն համայնքից: Նույն գծի վրա մի քանի սենյակ այն կողմ գտնվող՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ընդարձակ աշխատասենյակում էլ կբազմի Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Բաբայանը, ով, փաստորեն, ՀՅԴ ընկերներից մի քիչ հեռու կնստի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԱՍ-ի Արտակը գտել է ընտրություններին ծախսած գումարը հետ բերելու ձեւը: Ազգային ժողովում ձկան պես լուռ այս պատգամավորը գործարարի «լավ նյուխ» ունի։ Դեռեւս 2015թ․ նա Արշակունյաց պողոտայի վրա բացեց «SAS food court» սննդի կենտրոնը, որը կարճ ժամանակում բավական հայտնի դարձավ։ Օրվա որ ժամին մտնեք, միշտ լեփ-լեցուն է։ Սուպերմարկետներ, հագուստի խանութներ ունեցող Արտակ Սարգսյանը հասկացավ, որ հարկավոր է ներդրում անել սննդի կետում, որը կարճ ժամանակում մեծ գումար կբերի։ Ուստի վերջերս երկրորդ նման կետն է բացել․ Կոմիտասում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ գտնվող «SAS home»-ը դարձրել է food court։ Տնային թանկարժեք ապրանքներն այդքան հեշտ չէին վաճառվում, իսկ սննդի կետով շուտ եւ շատ գումար կաշխատի։ Ի դեպ, 2017թ. հունվար-մարտ ամիսներին, 2016թ. հունվար-մարտի համեմատ, «ՍԱՍ գրուպը» կրկնակի ավելացրել է հարկերը՝ հասցնելով 424 մլն․ դրամի։ Սա էլ թերեւս ՊԵԿ ստուգումների արդյունքն է՝ ստիպված է ստվերից դուրս բերել բիզնեսի որոշ մասը»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններից հետո մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն: Մեզ հասած տեղեկություններով՝ կփոխվեն Շենգավիթի, Արաբկիրի ու Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների ղեկավարները: Արաբկիր վարչական շրջանը ներկայումս ղեկավարում է Հովհաննես Վարդանյանը՝ Լիդեր Հովոն, ով թաղապետ նշանակվեց, ըստ էության, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում, սակայն, ինչպես երեւում է, ՀՅԴ-ին չի հաջողվում պահպանել թաղապետի պաշտոնը: Ի դեպ, եւ Հանիսյանը, եւ Հովհաննես Վարդանյանը, եւ Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանը ավագանու կազմում չկան, իսկ մյուս համայնքապետերը ընդգրկված են ավագանու կազմում»:


«168 Ժամ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու վեցերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվելու են խորհրդարանի ղեկավարությունը և մշտական հանձնաժողովի նախագահները։ Հենց այս Ազգային ժողովն է իրականացնելու խորհրդարանական կառավարման կարգի անցած Հայաստանի առաջին պառլամենտի դերն ու գործառույթները։ Բացի այդ, հենց այս Ազգային ժողովի գործունեության պայմաններում է ավարտվելու սահմանադրական կարգի փոփոխության անցումային փուլը, երբ 2018 թվականին կավարտվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, և կընտրվի արդեն նոր լիազորություններով վարչապետ՝ դառնալով պետության առաջին դեմքը։ Այս և բազմաթիվ գործոնների պատճառով նորընտիր խորհրդարանի դերն ու նշանակությունն առաջիկա բոլոր զարգացումներում, մեղմ ասած, մեծ է։ Հենց խորհրդարանում են իրականություն դառնալու իշխանության վերնախավում կայացված բոլոր այն որոշումները, որոնք կանխորոշելու են նոր իշխանության կազմավորումը, գործող իշխանության տարբեր թևերի ու բևեռների դերակատարության փոփոխությունն ու մնացած բոլոր վերադասավորումները։


Նոր խորհրդարանի առանձնահատկություններից մեկն այն է, որ կա անվանական և արմատական ընդդիմություն՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) ու «Ելք» դաշինքի, թեև վերջինիս արմատականությունն արմատականություն է այնքանով, որքանով այն տարբերվում է ԲՀԿ-ից։ Որքանո՞վ այս ընդդիմադիր ուժերն առաջիկա զարգացումներում կդառնան իշխանության վերաբաժանման մասնակից, կախված է նրանց, ինչպես նաև՝ գործող իշխանության հաշվարկներից։ Բացառված չէ, որ ընդդիմադիր ուժերը, կամ տարբեր փուլերում նրանցից մեկը, կամա թե ակամա, դառնա գործիք՝ իշխանության մի թևի կողմից մյուս թևի դեմ պայքարում։ Հնարավոր է՝ դա տեղի չունենա, հանուն արդարության՝ պետք է նշել, որ դա քիչ հավանական է։ Այս ամենով հանդերձ՝ նորընտիր խորհրդարանի ամենամեծ ու խնդրահարույց հարցն այն է, որ, ինչպես նախորդ խորհրդարանները, այս մեկը ևս կտրված է հասարակությունից այնքան, որքան տարբեր թելերով կապված է իշխանության հետ»։