7.08.2025
 Ալիևը և Փաշինյանը կարող են փոխըմբռնման հուշագիր ստորագրել. ՀՅԴ Հայ դատի խորհուրդ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն և ԱՄԷ-ն պատրաստվում են ստորագրել առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիր

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հայաստանը և ԱՄԷ-ն համաձայնագիր են կնքելու, որի միջոցով կներդրվեն նոր խթաններ առևտրի, ներդրումների և գործարար կապերի զարգացման համար՝ ընդլայնելով փոխշահավետ տնտեսական համագործակցության հնարավորությունները։


ՀՀ կառավարությունը օգոստոսի 7-ի նիստում հաստատեց համաձայնագրի նախագիծ, որով Հայաստանը և ԱՄԷ-ն նախատեսում են ազատականացնել ծառայությունների առևտուրը և ներդրումների դաշտը։ Փաստաթուղթը կնպաստի խոչընդոտների վերացմանը, մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև ներդրումների ներգրավմանն ու պաշտպանությանը։


Սա միջազգային իրավական փաստաթուղթ է լինելու, որը կարգավորելու է կողմերի միջև տնտեսական համագործակցության սկզբունքները՝ առավել բաց և շահավետ դարձնելով փոխգործակցությունը։


Համաձայնագիրը ստեղծվել է ԵԱՏՄ–ԱՄԷ բանակցությունների համատեքստում և նպատակ ունի ակտիվացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Այն ուղղված է նաև նոր շուկաների բացահայտմանը, արտոնյալ պայմաններով մասնավոր հատվածի համար հնարավորությունների ստեղծմանը։


ԱՄԷ-ն Հայաստանին արտոնություններ է տրամադրելու տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտատեխնիկական խորհրդատվության, կապի, սարքավորումների վերանորոգման և քարտեզագրման ոլորտներում, ինչպես նաև որոշ պարզեցումներ՝ իրավաբանական, շինարարական, հաշվապահական ու աուդիտային ծառայությունների մասով։


Հայաստանն էլ իր հերթին արտոնություններ է նախատեսում գյուղատնտեսության, անտառտնտեսության, առողջապահության, կրթության, բնապահպանության և փոստային ոլորտներում ծառայություններ մատուցելու համար։