VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարաակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմը «Աութսորս» ՍՊ ընկերության հետ, որը 2 տարի առաջ կազմակերպել էր Ազգային երիտասարդական առաջին համաժողովը։ Armeps էլեկտրոնային գնումների համակարգում առկա փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովի համար հատկացվել է 234 մլն դրամ` գրեթե 610 հազար ԱՄՆ դոլար։ Միջոցառման բացման և փակման հանդիսավոր արարողության համար հատկացվել է 65,5 մլն դրամ, տեխնիկական հագեցվածության ապահովման համար՝ 18 մլն դրամ, 800 մասնակցի տեղափոխման համար տրանսպորտային ծառայությունների համար հատկացվել է 7,1 մլն դրամ։
«Զվարթնոց» օդանավակայանում տեղեկատվական կետերի ծառայությունների համար հատկացվել է 2 մլն դրամ, տպագրական աշխատանքների, այդ թվում` պատվերով նյութերի պատրաստման համար հատկացվել է 17 մլն դրամ։ Դահլիճների և այլ տարածքների վարձակալության համար հատկացվել է 11,750 մլն դրամ, որից 8 մլն դրամը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքի համար է հատկացվել, 2 միլիոն 250 հազար դրամը՝ Անգլիական այգու տարածքի։ Հեռարձակման և ուղիղ հեռարձակման ապահովման ծառայություններն արժեցել են 9,7 մլն դրամ։ Եթե հանրությունը զարմանում էր Ջենիֆեր Լոպեսի սննդի համար նախատեսված 37 հազար դոլարի կապակցությամբ, ապա նշենք, որ 3-օրյա միջոցառման սննդի համար Կառավարությունը հատկացրել է 34,7 մլն դրամ։ Դահլիճի և բեմի կահավորման ծառայություններն արժեցել են 14,2 մլն դրամ։
Օրինակ` նշված միջոցառման ընթացքում հովացման համակարգի համար հատկացվել է 7 մլն դրամ։ Հավելենք, որ մասնակցության հայտը հրապարակվել էր 2025 թվականի ապրիլին։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարել էր 2025 թվականի օգոստոսի 5-ից 7-ը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում. նա այս պահին վկայի կարգավիճակ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել նրա հարցաքննությունից, թե ինչ է վերջինս պատմել Կոմիտեում։ Բագրատյանի որդին ՔԿ-ում հայտնել է, որ 40 օրական փոքրիկի, կնոջ, ծնողների եւ հարազատների հետ այցելել էր Նորավանք։ Վանական համալիրից վերադառնալիս ինչպես նորածինը, այնպես էլ իր մայրիկը վատ են զգացել։ Ըստ նրա ցուցմունքի` հասնելով հայրական տուն` մեքենան կայանել է շքամուտքի մոտ, որպեսզի փոքրիկը եւ մայրը րոպե առաջ տուն մտնեն։ Այդ պահին նրա մեքենային է մոտեցել ինչ-որ քաղաքացի եւ իր դժգոհությունը հայտնել, որ Շանթը մեքենան կայանել է ուղիղ շքամուտքի մոտ։ Ինքը եւ իր սանիկը` Դավիթը, բացատրել են, թե ինչն է խնդիրը, սակայն քաղաքացին շարունակել է դժգոհել։ Շանթի ընկեր Դավիթը մոտեցել է քաղաքացուն ու զրուցել հետը. զրույցը վեր է ածվել լեզվակռվի, սկսվել է քաշքշուկ ու պարեկները մոտեցել են, բոլորին ձերբակալել ու տարել բաժին։
Իսկ ի՞նչ ցուցմունք է տվել քաղաքացին, որ հորդորել է պատգամավորի որդուն մեքենան հեռացնել կայանված տեղից։ «Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեում նա նշել է, թե նյարդայնացել է` տեսնելով կայանված մեքենան, որից հետո խոսակցությունը թեժացել է ու քաշքշել են միմյանց։ Փաստ է մեկ բան, որ Կոմիտեն հարցաքննել է բոլոր կողմերին. ինչ որոշում կկայացնի` կհետեւենք իրադարձություններին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երևանում 3 քաղաքացիների միջև տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանն է եղել, իսկ վիճաբանության պատճառն էլ մեքենայի կայանման հարցն էր։ Գնդակը Կոմիտեի դաշտում է, տեսնենք` ինչ կորոշի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանն ամեն բան անում է՝ այս անգամ ՔՊ վարչության անդամ դառնալու համար: Մեր աղբյուրները նշում են, որ Գարիկ Սարգսյանը վերջին օրերին Երևանի տարբեր վարչական շրջաններում ակտիվ քարոզչություն է իրականացնում իր համար ու, կարելի է ասել, բոլոր հանդիպումներին միայնակ է ներկայանում: Իշխանության մեր աղբյուրները նշում են, որ Սարգսյանն այդքան էլ ընկալելի չէ ՔՊ-ական էլիտայի համար, ու նրա՝ ՔՊ վարչության անդամ դառնալն այդքան էլ չի ոգևորել իշխանության վերնախավին, հատկապես, որ իր մարզն ու համայնքը թողած՝ Երևանից է ձայներ փորձում ստանալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին կկայանան ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունները, որի համար առաջադրվել է 42 ՔՊ-ական․ նրանցից ընտրվելու է 20-ը: Նշենք, որ Գարիկ Սարգսյանը հանրությանը հայտնի է իր սկանդալային հայտարարությամբ, որն արել էր դեռևս 2019 թվականին, երբ Արարատի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում: Վերջինս, չգիտես ինչու, մտադիր էր Արարատի մարզում կոկորդիլոս բուծելու ծրագիր իրականացնել ու պարբերաբար հպարտանում էր դրանով: «Մի քանի բաղադրիչների մասին է խոսքը, պարզապես ծրագիրը հայտնի է որպես «կոկորդիլոսաբուծարան», բայց դա էկոայգի է լինելու, որտեղ լինելու է ալիքային լողավազան, հեծանվահրապարակ, մանկական հրապարակ, արագ սննդի կետեր, ռեստորաններ և այլն»,- ասել էր Սարգսյանը, որի հայտարարությունը այդպես էլ մնաց որպես օդում կախված ծրագիր»։