Թուրքիայի ընտրություններ. Սեփական լիազորությունները ընդլայնելու Էրդողանի ծրագրերին լուրջ հարված է հասցվել
Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող "Արդարություն և զարգացում" կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը: Հետևաբար, քաղաքական ուժը խնդիրներ կունենա կառավարություն ձևավորելիս:
Նախնական տվյալներով այդ կուսակցությունը հավաքել է միայն 41% և 550 հոգանոց խորհրդարանում ստացել է 256 տեղ: Նրան հաջորդում են Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1%), Ազգայնական շարժում կուսակցությունը (16,4%) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը (12,8%): Նրանք բոլորը հաղթահարել են 10%-ոց շեմը և ներկայացված կլինեն Մեջլիսում:
Թուրք մեկնաբանները նշում են, որ այս իրավիճակում "Արդարություն և զարգացում" կուսակցությունն ունի երկու ելք՝ կամ ձևավորել փոքրամասնության կառավարություն, քանի որ երկրում գործում է համամասնական ներկայացվածության համակարգ, կամ ձևավորել կոալիցիոն կառավարություն:
Ընտրությունների արդյունքները կարևոր են երկու պատճառով՝ Արդարություն և զարգացում կուսակցությունը զրկվել է խորհրդարանում մեծամասնությունից և առաջին անգամ 10%-ոց շեմն է հաղթահարել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը: Ընտրությունների գիշերը քրդամետ կուսակցության հետևորդները և ակտիվիստները տոնում էին իրենց հաղթանակը՝ քաղաքի կենտրոնական փողոցներով անցնելով մեքենաներով և մոտոցիկլետներով՝ձեռքերում պարզած կուսակցության դրոշները և Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանի նկարները:
Ոստիկանական ուժերը կենտրոնացված էին քաղաքի կենտրոնում, իսկ Թաքսիմ հրապարակում ջրցան մեքենաներ էին տեղակայված: Քաղաքի կենտրոնում ընդդիմադիր ակցիաներ և ոստիկանական ուժերի հետ բախումներ չեն գրանցվել, ինչը թուրք մեկնաբանները բացատրում են երկու հանգամանքներով՝իշխող կուսակցության պարտությամբ և քրդամետ ուժի ներկայությամբ խորհրդարանում:
Կոալիցիոն կառավարություն ձևավորելու հետ կապված Էրդողանը խնդիրներ է ունենալու, քանի որ Ժողովրդա-հանրապետական (քեմալական) և Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը մինչ այդ բացառել էին նախագահի կուսակցության հետ կոալիցիա ձևավորելու հնարավորությունը: Նրանք նշել են, որ ընտրության արդյուքները վերջ դրեցին Թուրքիան նախագահական հանրապետության վերածելու ծրագրերին:
«Թուրքիայի նախագահի դերի ուժեղացման և դրա հետևանքով Էրդողանի բռնապետության ուժեղացման մասին խոսակցություններին վերջ տրվեց», - նշել է Դեմիրթաշը՝ Ստամուլում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Թուրք փորձագետների կարծիքով, խորհրդարանական մեծամասնության կորուստը լուրջ հարված էր Էրդողանի համար, ով ցանկանում էր վերափոխել սահմանադրությունը և ընդլայնել իր լիազորությունները: Էրդողանը նախատեսել էր գործող խորհրդարանական մոդելից անցնել նախագահական կառավարման համակարգի:
Արդարություն և զարգացում կուսակցությունը կկարողանար կառավարման մոդելի շուրջ հանրաքվե անցկացնել, եթե խորհրդարանում հավաքեր 330 տեղ: Նրանք կկարողանային պարզ քվեարկությամբ փոփոխության ենթարկել սահմանադրությունը, եթե ստանային 367 աթոռ՝Մեջլիսի 2/3-րդը:
Ընտրությունները, ինչպես նշում են թուրք մեկնաբանները, ֆիքսեցին Էրդողանի քաղաքական պարտությունը, ով ցանկանում էր երկիրը իրեն ենթարկեր, ինչը հանգեցրել էր քաղաքական կյանքի բևեռացմանը: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ընդունել է ընտրության արդյունքները և կարճ ընդգծել, որ ժողովրդի ընտրությունը ամենակարևորն է: