VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին բուռն իրադարձություններ տեղի ունեցան «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շուրջ. 23 պատգամավորի անունից դաշինքը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԿԸՀ, մինչդեռ անմիջապես դրանից հետո այդ ցանկում ներառված անձինք սկսեցին հերթով ԶԼՄ-ներին հայտնել, որ իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել: Երեկ արդեն ԿԸՀ նիստի ընթացքում 12 հոգի նոր դիմում ներկայացրին, որով հայտնում էին, որ չեն հրաժարվում իրենց մանդատներից: Նիստից հետո հայտնի դարձավ, որ նրանցից ութի դիմումը բավարարվել է՝ կստանան մանդատները: Նրանք են՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան:
Այն, որ նախընտրական ցուցակներում ընդգրկվելով՝ ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում սովորություն ունեն միանգամից մանդատից հրաժարվելու դիմումներ նախապատրաստել, հայտնի է: Ըստ որոշ տեղեկությունների, թեկնածուները ստորագրում են դատարկ թղթերի տակ, որոնք անհրաժեշտության դեպքում լրացվում են մանդատից հրաժարվելու մասին դիմումի բովանդակությամբ: Սա նոր բան չէ, կիրառվել է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ: 12 հոգի, փաստորեն, կազմակերպված ձեւով դուրս եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս դա պատահեց: Ինչո՞ւ էին այդ մարդիկ առհասարակ հայտնվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, եւ ինչու նրանք ընտրվեցին ինքնաբացարկի համար: Եթե Ծառուկյանը չի ուզում, որ նրանք նոր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցությունում լինեն, ո՞վ է, որ այնուամենայնիվ ցանկացավ, որ նրանք լինեն:
Հավանականությունը, որ այս մարդիկ իրարից անկախ են գնացել Գագիկ Ծառուկյանի դեմ, գրեթե զրոյական է: Ակնհայտ է, որ գործ ունենք կազմակերպված պրոցեսի հետ, ինչի վկայությունն է նաեւ Մուշեղ Սաղաթելյանի՝ կայծակնային արագությամբ ԿԸՀ ներկայանալը: Սաղաթելյանն այսօր առավոտյան armtimes.com-ին ասել էր, որ Շիրակում է եւ դժվար թե գա Երեւան՝ ԿԸՀ նոր դիմում տալու համար, բայց առաջինը հայտվեց ԿԸՀ նիստին: Վերլուծաբաններն այս ընթացքում գրում էին, որ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում իր համար մեծ «խմբակցություն» է հավաքում, այդ թվում՝ «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի ներգրավմամբ: Արդյոք այս պրոցեսը կապ ունի նշյալ վերլուծությունների հետ, եւ Սերժ Սարգսյա՞նն է կանգնած Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմի դուրս եկած անձանց թիկունքում, ցույց կտան առաջիկա զարգացումները: Մի բան պարզ է, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ այսօր, քաղաքական ապտակ էր Ծառուկյանին: Ու մի տեսակ արդեն դաժան է նրան դուրս հանել քաղաքականությունից, հետ բերել քաղաքականություն, 10 միլիոն դոլարի վնաս տալ եւ այսպիսի ապտակներ հասցնել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին, երբ ԿԸՀ-ն հրապարակեց պատգամավորական մանդատից հրաժարավելու դիմում ներկայացրած թեկնածուների ցանկը, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մի քանիսը հայտարարեցին, թե իրենք ինքնաբացարկի որեւէ դիմում չեն ներկայացրել եւ որ այդ մասին առաջինը լրատվամիջոցներից են իմանում: Երեկ ԿԸՀ նիստում «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներից 12-ը հայտարարեցին, որ չեն հրաժարվում իրենց մանդատից:
ԿԸՀ որոշմամբ այդ թեկնածուներից 8-ը մանդատ կստանա՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Վահան Կարապետյանը: Մյուս 4 թեկնածուների՝ Մուշեղ Սաղաթելյանի, Ալիկ Եղիկյանի, Մանուկ Սուքիասյանի եւ Հրանտ Դավթյանի ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարվեցին, բայց քանի որ նրանք անցողիկ տեղերում չէին, մանդատ չեն ստանա: «Ծառուկյան» դաշինքը այդպես էլ չի մեկնաբանել տեղի ունեցածը, կատարվածի վերաբերյալ շրջանառվում են ամենատարբեր վարկածներ: Ի դեպ, ըմբոստացած թեկնածուներից Խաչիկ Մանուկյանի եւ Նապոլեոն Ազիզյանի հարազատները լրատվամիջոցներին ահազանգել են, որ իրենց տների մոտ կասկածելի մեքենաներ են կայանված, եւ իրենք վախենում են հաշվեհարդարից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ում, ԱԺ նիստերի մեկնարկից հետո, առաջիկայում տեղի կունենան լուրջ գործընթացներ: Չի բացառվում, որ անգամ արտահերթ համագումար հրավիրվի: Նպատակ կա կառուցվածքային փոփոխություններ իրականացնել կուսակցությունում, այն դարձնել առավել մոբիլ, կրճատել քաղխորհուրդը, որն այսօր հարյուրից ավելի անդամ ունի, եւ, ինչպես ՀՀԿ-ում, ստեղծել փոքրիկ «պոլիտբյուրո»` Գործադիր մարմին, որը կարեւորագույն հարցերը կքննարկի փոքր, բայց վստահելի խմբով, որպեսզի անհարկի արտահոսքեր` կուսակցության ու կուսակցականների մասով, չլինեն»: Հ.Գ. ԿԸՀ նիստի ընթացքում լուր եղավ, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը Նապոլեոն Ազիզյանի տանն է: Ճիշտ է, վերջինս այդ այցը մեկնաբանեց որպես բարեկամական տեսակցություն հիվանդին, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանն ամեն դեպքում հուսահատ փորձեր է արել կանխելու սկանդալային այս պրոցեսը»:
«168 ժամ» թերթը գրում է. «ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանի առաջին օրը փոփոխության կենթարկվի Վեհաժողովի կանոնակարգը` աննախադեպ կերպով նախատեսելով հատուկ դրույթ Պեդրո Ագրամունտին Վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ: Կոռուպցիոն աղմկահարույց սկանդալներում ներգրավված, սուր ադրբեջանամետ եւ ռուսամետ դիրքորոշում ունեցող Ագրամունտին իմպիչմենտի ենթարկելու որոշումը ԵԽ ԽՎ-ում հասունացել էր վաղուց, սակայն այն հասել իր գագաթնակետին, երբ Ագրամունտը ռուսական պատվիրակության հետ մեկնել էր Սիրիա։ Հաշվի առնելով հանգամանքը, որ ԵԽԽՎ նախագահի քվոտան ներկայումս պատկանում է ԵԺԿ-ին, ԵԺԿ-ն նախագահի պաշտոնի համար կառաջադրի իր փոխնախագահներին, որոնք թվով վեցն են։ Ընտրության վերջնական փուլ, ինչպես ուկրաինացի պատվիրակ Գեորգի Լոգվինսկին էր տեղեկացրել, դուրս են եկել երկու թեկնածուներ՝ ինքը եւ Աքսել Ֆիշերը։ Սակայն Լոգվինսկին որոշում է կայացրել հանել իր թեկնածությունը գերմանացի ԵԺԿ պատգամավոր, Հայաստանի հարցով նախկին զեկուցող, ներկայումս Ուկրաինայի հարցով զեկուցող Ֆիշերի օգտին։
«168 ժամ»-ի թղթակից հետ զրույցում վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, ով նախկինում, որպես «Ժառանգություն» կուսակցության անդամ՝ շփումներ ունեցել է գերմանացի խորհրդարանական Ֆիշերի հետ, ասել է, որ ԵԽԽՎ նախագահի ցանկացած թեկնածուի զգայունակությունը Հայաստանի եւ հայաստանյան խնդիրների նկատմամբ պայմանավորված է լինելու նրանով, թե որքան ակտիվ է հայկական պատգամավորական կորպուսը միջազգային կառույցում։ Նույն կարծիքին է նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը։ Նրա խոսքով՝ այդ պաշտոնում ցանկացած հավասարակշռված, չեզոք մարդ ձեռնտու է Հայաստանին, քանի որ պարզ է՝ քաղաքակիրթ մարդու վրա Ադրբեջանի նվերները եւ, որոշ դեպքերում՝ կաշառքը, չեն ազդի եւ փոխի իր ընդհանուր տեսակետները մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ»:
«Փաստ» օրաթերթն օրերս ահազանգ էր ստացել այն մասին, որ ադրբեջանական խնձորի պատմությունից հետո ներկայում հայ–վրացական՝ Բագրատաշենի սահմանային անցակետերում քաոսային իրավիճակ է տիրում: Խնդիրն այն է, որ խստացված ստուգում իրականացնելու պայմաններում ֆիզիկական անձինք եւս չեն կարողանում իրենց հետ օրենքով սքահմանված 50 կգ քաշ ունեցող գյուղմթերք անցկացնել: Խմբագրությանն ահազանգած քաղաքացիները նշում էին, որ շատերը նույնիսկ իրենց ապրանքը թափում են սահմանին եւ հեռանում, իսկ սահմանային գյուղերի բնակիչները, ովքեր գյուղմթերքը հիմնականում գնում են Սադախլոի շուկայից, անելանելի իրավիճակում են հայտնվել: Մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ իրենց բողոքի ձայնը իշխանություններին լսելի դարձնելու համար սահմանամերձ գյուղերի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել եւ փակել միջպետական ճանապարհը: