17.08.2026
Լուսանկարը` 168.am
prev Նախորդ նորություն

Պարտքով աճող Հայաստանը ֆինանսավորում է Բաքվի՞ն. Բադալյան

Լուսանկարը` ադբեջանական ԶԼՄ-ներ
Լուսանկարը` ադբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանից Հայաստան միլիոնավոր դոլարների ներմուծման ֆոնին փորձագիտական շրջանակները ահազանգում են երկրի տնտեսական անվտանգության խնդիրների և պարտքային բեռի խորացման մասին: Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրում է վերլուծաբան հակոբ Բադալյանը:


Բադալյանի համոզմամբ՝ նպատակաուղղված գործընթաց է ընթանում, որի արդյունքում Հայաստանը վերածվում է տարածաշրջանային տնտեսական կցորդի։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2026 թվականի առաջին յոթ ամիսներին Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է ավելի քան 17,3 միլիոն դոլարի ապրանք։


Չնայած առևտրային կապերի վերականգնման մասին դեռ 2025 թվականին արված հայտարարություններին, ապրանքաշրջանառությունը շարունակում է մնալ խիստ միակողմանի։ Թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս վստահեցրեց, որ առաջիկայում կսկսվի նաև հայկական արտադրանքի արտահանումը, տնտեսական այս միտումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս մասնագետների շրջանում։


Հակոբ Բադալյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ադրբեջանական ներկրման հիմնական մասը բենզինն ու դիզվառելիքն են, և այդ գործարքները փաստացի ֆինանսավորվում են հայաստանյան աճող պետական ու քաղաքացիական պարտքի հաշվին։ Ըստ վերլուծաբանի՝ 2,5 տրիլիոն դրամի հասնող պետական պարտքն ու քաղաքացիների ահռելի վարկային բեռն են ապահովում ներկայիս տնտեսական աճի վիճակագրությունը։


«Ստացվում է, որ պարտքով աճող Հայաստանի տնտեսությունը ֆինանսավորում է Ադրբեջանի տնտեսությանը։ Այսօր 17 միլիոն դոլարի չափով, իսկ վաղը կարող է դառնալ 170 միլիոն դոլար, օրինակ՝ էլեկտրաէներգիայի հաշվին»,- նշում է Բադալյանը՝ ընդգծելով, որ Կովկասում ուրվագծվող նոր տնտեսական համակարգում Հայաստանին վերապահված է պարզապես սպասարկողի դեր։


Վերլուծաբանը խիստ քննադատության է ենթարկել նաև հասարակության ուշադրությունը կենցաղային քաղաքական սկանդալների և վեճերի վրա շեղելու գործելաոճը, որի քողի տակ արտաքին դրամաշնորհներով սնվող խմբերն առաջ են մղում տնտեսական վեկտորի փոփոխության օրակարգը։ «Այդ ամենի գինը վճարողը լինելու է հարկատուն, քաղաքացին, պետությունը, ոչ իրենք, որովհետև իրենք շարունակելու են իրենց կայուն վարձքը ստանալ օտար պետության փողերից»,– եզրափակում է փորձագետը։