ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկին զուգահեռ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը հանդես է եկել ծավալուն վերլուծությամբ՝ խորհրդարանական ընդդիմությանը կոչ անելով հրաժարվել անպտուղ բանավեճերից և իշխանությանը պարտադրել պետության իրական շահերից բխող ռազմավարական օրակարգ։
Չնայած խորհրդարանն իր աշխատանքներն սկսել է դեռևս օգոստոսի 2-ին և գտնվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փուլում, Անանյանի համոզմամբ՝ արդեն իսկ անհրաժեշտ է դրսևորել բովանդակային խորություն։ Ըստ նրա՝ հանրության սպասելիքն ընդդիմադիր խմբակցություններից սոսկ կոշտ ելույթներն ու աղմկոտ հակադարձումները չեն։
ՊԵԿ նախկին ղեկավարը նկատում է, որ երբ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները փորձում են դիսկուրսը տեղափոխել նախկին պաշտոնյաների կամ հայտնի անձանց, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի կամ Սամվել Կարապետյանի անունների շուրջ հյուսվող սադրանքների դաշտ, ընդդիմությունը չպետք է տրվի այդ խաղին: Փոխարենը, անհրաժեշտ է անտեսել նմանատիպ սադրանքներն ու անմիջապես հնչեցնել պետական նշանակության հրատապ հարցեր։ «Ուժեղ ընդդիմությունը պետք է կարողանա փոխել քննարկումների առարկան և Ազգային ժողովին պարտադրել Հայաստանի իրական խնդիրներից բխող օրակարգ»,– ընդգծել է Անանյանը։
Որպես բովանդակային օրակարգի վառ և կիրառական օրինակ՝ Անանյանը մատնանշում է Իրանում կառուցվող 634 կիլոմետրանոց «Չաբահար-Զահեդան» երկաթուղու մոտալուտ գործարկման թեման, որը կարող է հեղաշրջում մտցնել տարածաշրջանային լոգիստիկայում և ապահովել Հայաստանի ելքը դեպի Հնդկական օվկիանոս։
Նա առաջարկում է հուզական վեճերի փոխարեն կառավարությունից պահանջել կոնկրետ հաշվետվողականություն. արդյոք գործադիրն ունի՞ հաշվարկված ռազմավարություն, պատրա՞ստ է Հայաստանը միանալ «Հնդկաստան-Իրան-Սև ծով» միջանցքին, ինչպիսի՞ն է հայ-իրանական սահմանային և մաքսային ենթակառուցվածքների վիճակը և արդյոք վարվո՞ւմ են առարկայական բանակցություններ։
Անանյանի պնդմամբ՝ հենց նման խորքային, փաստարկված և նախապես մշակված հարցադրումներն են, որ իրականում նեղն են գցում իշխանությանը՝ բացահայտելով նրա կառավարչական անպատրաստությունն ու ծրագրային դատարկությունը առանց որևէ անձնական վիրավորանքի։ Եվ եթե դրան զուգահեռ ընդդիմությունը ներկայացնի իր սեփական, գրագետ լուծումները, ապա հասարակությունը կտեսնի հստակ քաղաքական այլընտրանք:
«Ուժեղ ընդդիմությունն իշխանությանը ստիպում է պատասխանել այն հարցերին, որոնց պատասխանները չունենալու իրավունք պետությունը չունի»,– եզրափակել է նա՝ հավելելով, որ ընդդիմության իրական ուժը տնտեսական, անվտանգային, ժողովրդագրական ու տեխնոլոգիական հարցերում ավելի բարձր մասնագիտական կարողություն ցուցադրելն է: