ՀՀ-ն անում է առավելագույնն իր ուժերով ռազմարդյունաբերություն հիմնելու համար. պատգամավոր
Լուսանկարը` ՏԱՍՍ
Հայաստանն ակտիվորեն զարգացնում է սեփական ռազմարդյունաբերությունն ու դիվերսիֆիկացնում անվտանգային կապերը՝ ի պատասխան "ՀԱՊԿ-ի կողմից իր դաշնակցային պարտավորությունների չկատարման և հնչող քննադատությունների":
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ռազմաքաղաքական դաշինքը մինչ օրս չի ճանաչել այն սահմանները, որոնցով Հայաստանն անդամակցել է կառույցին։
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարություններին՝ կապված Կազմակերպությունում Երևանի ձայնի իրավունքի հնարավոր սահմանափակման կամ կառույցից հեռացման հետ, խորհրդարանականը շեշտել է, որ նախքան նման սպառնալիքներ հնչեցնելը, դաշինքը պետք է հստակ պարզաբանի, թե ինչու չի կատարում պաշտոնական Երևանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։
Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի իշխանությունները որդեգրել են բազմավեկտոր քաղաքականություն՝ նպատակ ունենալով վերացնել անվտանգային, քաղաքական և տնտեսական խորը կախվածությունը մեկ կենտրոնից։
Ըստ Հովհաննիսյանի՝ երկիրն անում է առավելագույնը սեփական ուժերով պաշտպանական արդյունաբերություն հիմնելու, ռազմական ունակությունները զարգացնելու և տարբեր պետությունների հետ ռազմավարական գործընկերության նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Երևանը դադարեցրել է իր գործնական մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և սառեցրել անդամակցությունը՝ մեղադրելով դաշինքին 2022 թվականի սեպտեմբերին և դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանի հետ սահմանային բախումների ժամանակ իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ:
Ի պատասխան այս քայլի՝ Ռուսաստանը բազմիցս ափսոսանք է հայտնել Հայաստանի դիրքորոշման առնչությամբ՝ հերքելով անգործության մասին մեղադրանքները և կոչ անելով առկա տարաձայնությունները հարթել Կազմակերպության շրջանակներում կառուցողական երկխոսության միջոցով: