Մարտուն Գրիգորյանը կալանավորվեց
ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց․ տեղեկությունը հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ Գրիգորյանին ձերբակալման որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտե էին տարել, Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, թե ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն:
Իսկ փաստաբան Բաբայանը հայտնել էր՝ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է դեռևս մայիսին՝ ընտրական հանցագործության առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։
«Փաստորեն, Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթը շուրջ երեք ամիս քննելուց հետո է հանգել հետևության, որ այժմ Մարտուն Գրիգորյանին անհրաժեշտ է կալանավորել»,-նշել էր Արսեն Բաբայանը։
Դատարանը Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդությունը քիչ առաջ բավարարել է։