13.08.2026
ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել
prev Նախորդ նորություն

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ

Եվրամիության վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ անհրաժեշտ հանձնառությունների և ոլորտային գործընթացների արդյունավետ իրագործման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որը ղեկավարում է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը, տեղի է ունեցել օգոստոսի 12-ին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Հանդիպմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կարապետյանը, Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Մկրտչյանը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։


Քննարկման առանցքում էր Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի գնահատման առաջին զեկույցում հասարակական կարգի և անվտանգության, արտաքին հարաբերությունների և մարդու հիմնարար իրավունքների ոլորտներին վերաբերող առաջարկությունների կատարման ընթացքը։Արմեն Ղազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանի համակարգմամբ շարունակվում է Գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումը և ՆԳ նախարարության հանձնառությունն է ապահովել հենանիշների ամբողջական կատարումը։


Ընդգծվել է, որ արդեն իսկ կատարվել է երրորդ և չորրորդ ուղղություններով առաջարկություններից բխող 72 գործողություններից 41-ը, իսկ 31-ի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։


ՆԳ նախարարի համակարգմամբ՝ Գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների հիմնական շեշտադրումը օրենսդրական և ռազմավարական շրջանակի ձևավորման ուղղությամբ է։Մինչև տարեվերջ նախատեսվում է ԵՄ գնահատման առաքելության երկու այց Հայաստան։ Հոկտեմբերին գնահատվելու է Գործողությունների ծրագրի առաջին և երկրորդ, իսկ դեկտեմբերին՝ երրորդ և չորրորդ ուղղություններով արձանագրված առաջընթացը։


Խոսելով կատարված աշխատանքի մասին՝ ՆԳՆ ներկայացուցիչներն անդրադարձել են հանցավորության կանխարգելման ռազմավարությանն ու դրանից բխող Գործողությունների ծրագրի մշակմանը։ Նշվել է, որ փաստաթղթերի նախագծերը մշակված են, և աշխատանքներ են իրականացվում դրանց հետագա լրամշակման ու մինչև տարեվերջ ռազմավարության ընդունման ուղղությամբ։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ՀՀ կառավարության միջոցառումների պլանի» նախագծի երրորդ և չորրորդ ուղղություններով սահմանված գործողությունները։


Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ հստակեցնելով հետագա աշխատանքների առաջնահերթություններն ու միջգերատեսչական համագործակցության շրջանակում իրականացվելիք քայլերը։