Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկել կառավարության ռազմական քաղաքականությունը։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանի պնդմամբ՝ հետպատերազմյան բյուջետային հատկացումները և անհամատեղելի զինատեսակների քաոսային գնումները չեն ապահովում երկրի իրական անվտանգությունն արտաքին սպառնալիքների ֆոնին։
Հանդես գալով պաշտպանական ոլորտի իրավիճակի մանրամասն վերլուծությամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անթույլատրելի է համարել իշխանությունների այն հայտարարությունները, թե բանակն անվտանգային համակարգի ամենակարևոր գործոնը չէ։ Քաղաքական գործիչը հիշեցրել է Բաքվի վերջնագրային հռետորաբանությունը, որը բացահայտ հայտարարում է Հայաստանի ռազմականացումը չհանդուրժելու մասին։
Գնահատելով 2020 թվականի պատերազմում արսենալի կորուստների մասշտաբը՝ ընդդիմադիրը զուգահեռներ է տարել աղետ վերապրած տան հետ: Նրա խոսքով՝ ներկայիս ռազմական բյուջեն չի կարելի համեմատել նախկին տարիների ցուցանիշների հետ, քանի որ այժմ հաշվարկը սկսվում է զրոյական կետից։ «Եթե տանը հրդեհ է ընկնում, չի կարելի ծախսել այնքան, որքան նախորդ տարիներին. պետք է շատ ավելի մեծ միջոցներ ներդնել՝ մինչև հրդեհը եղած մակարդակին վերադառնալու համար», - ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ կառավարությունը պարտավոր է ադեկվատ գնահատել ոչնչացված պաշարների ամբողջական վերականգնման արժեքը։
Անդրադառնալով զենքի ներմուծման դիվերսիֆիկացմանը՝ Խաչատրյանը կասկած է հայտնել գնվող համակարգերի համատեղելիության վերաբերյալ։ Հնդկական, իրանական, ֆրանսիական և ռուսական սպառազինությունների ձեռքբերումը նա բնութագրել է որպես «ռազմական գազանանոցի» ստեղծում։ Պատգամավորը նշել է, որ տեխնիկայի յուրաքանչյուր միավոր կարող է լավագույնը լինել իր դասում, սակայն դրանց ինտեգրումը կառավարման, մատակարարման և անձնակազմի ուսուցման միասնական համակարգում լուրջ հարցեր է առաջացնում։
Օպերատիվ համատեղելիության բացակայության հետ կապված իրավիճակը նա նկարագրել է պատկերավոր փոխաբերությամբ. «Գեղեցիկ սուշին համեղ է, խաշն էլ է համեղ, բայց որ սուշին լցնում ես խաշի մեջ, բարի ախորժակ, կուզեի տեսնել, թե ով դա կուտի»։
Որպես կառավարչական ձախողումների վառ օրինակ՝ Խաչատրյանը մատնանշել է Սու-30 կործանիչների գնումը, որոնք այդպես էլ չեն զինվել հրթիռներով։ Հեգնանքով դրանք անվանելով «սելֆիի» ինքնաթիռներ՝ քաղաքական գործիչն աբսուրդային է համարել այն իրավիճակը, երբ գնումից մեկուկես տարի անց մարտական մեքենաները մնում են առանց զինամթերքի։ «Զենքն առանց հրթիռների գնելը նման է երեխայի համար PlayStation գնելուն՝ առանց խաղային դիսկերի», - հայտարարել է նա։
Ամփոփելով իր ելույթը՝ ընդդիմադիրը կոչ է արել իշխանություններին առերեսվել ճշմարտության հետ՝ շեշտելով, որ իրական խաղաղությունը պարտադրվում է բացառապես ուժերի հավասարակշռությամբ, իսկ «խաղաղություն հալվա-հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանա»։