10.08.2026
Լուսանկարը` parliament.am
prev Նախորդ նորություն

«Բարեգործությամբ երկիր չես պահի». Գագիկ Ծառուկյան

Լուսանկարը` Գագիկ Ծառությանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը` Գագիկ Ծառությանի ֆեյսբուքյան էջից

«Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տարածած իր ուղերձում քաղաքական գործիչ և գործարար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է տնտեսության զարգացման ու մեցենատության դերին։ Նա շեշտել է, որ պետության հիմքը գրագետ տնտեսական քաղաքականությունն է, այլ ոչ միայն նվիրատվությունները։


Իր հայտարարության մեջ Ծառուկյանը նշել է, որ վերջին շրջանում բարեգործությունը հաճախ արժանանում է տարամեկնաբանությունների, ուստի նա վերահաստատել է տարիներ առաջ հնչեցրած իր այն թեզը, որ միայն բարեգործությամբ հնարավոր չէ երկիր պահել։ Ըստ նրա՝ պետության կայուն զարգացումն ապահովվում է նոր աշխատատեղերով, առողջ տնտեսական միջավայրով և կառավարման արդյունավետ համակարգերով։


Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ բարեգործությունը կենսական նշանակություն ունի մշակույթի, գիտության, սպորտի զարգացման և մարդկային կյանքեր փրկելու գործում։


Հիշատակելով հայտնի հայ բարերարներ Ալեքսանդր Մանթաշովին, Քըրք Քըրքորյանին և Սամվել Կարապետյանին՝ քաղաքական գործիչն անդրադարձել է նաև իր գործունեությանը։ Նա նշել է, որ ժամանակին նպատակ է դրել կոտրել այն կարծրատիպը, թե միայն սփյուռքը պետք է օգնի Հայաստանին։


Ծառուկյանի խոսքով՝ ինքը որպես հայաստանցի երկար տարիներ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Սիրիայի, Լիբանանի, Իրանի և Մերձավոր Արևելքի հայկական համայնքներին, դպրոցներին ու եկեղեցիներին՝ այդպիսով ամրապնդելով համահայկական միասնականությունը։


Եզրափակելով իր խոսքը՝ գործարարը հավելել է, որ բարեգործության իրական իմաստը բարի մտադրությունների և միմյանց օգնելու ձգտման մեջ է՝ անկախ նվիրաբերվող գումարի չափից։ Նա համոզմունք է հայտնել, որ փոխօգնության խրախուսումը ձևավորում է իրար հարգող և ամուր հասարակություն, մինչդեռ հասարակության պառակտումն ու թշնամանքը կործանարար են Հայաստանի համար։