Իրանը գործարկում է նավթավերամշակման գործարան և դառնում բենզին արտահանող երկիր
Իրանում շահագործման է հանձնվել «Պարսից ծոցի աստղ» անունը կրող նավթավերամշակման նոր գործարան:
«Նավթավերամշակման նոր գործարանի շահագործումը հնարավորություն կտա Իրանին ամբողջությանբ ապահովել բենզինի իր պահանջարկը եւ արտահանել այն», - ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Նշվում է, որ նավթավերամշակաման գործարանը հնարավորություն ունի օրական Евро-4 ստանդարտի 12 մլն լիտր բենզին արտադրել: Հենց նման ծավալների բենզին էր Իրանը գնում արտասահմանից: Մինչեւ տարեւերջ նախատեսվում է շահագործման հասցնել նավթավերամշակման գործարանի երկրորդ եւ երրորդ հատվածները, որը հնարավորություն կտա Իրանին բենզին արտահանել:
Հատկանշական է, որ երբ դեռ Իրանը միջազգային պատժամիջոցների տակ էր, Երևանն ու Թեհրանը պայմանավորվել էին նավթավերամշակման գործարան կառուցել հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում:
Պատժամիջոցների չեղարկումից հետո, փորձագետների մի մասը նշում էր, որ հայ-իրանական համատեղ նավթավերամշակման գործարանի կառուցման մասին կարելի է մոռանալ, քանի որ Իրանն արդեն ազատ կարող է ձեռք բերել համապատասխան տեխնոլոգիաներ եւ իր տարածքում կառուցել այդ գորրծարանը:
Հատկանշական է, որ ամիսներ առաջ իրանցի պաշտոնյաները հայտարարեցին իրենց երկրում 12 նոր նավթավերամշակման գործարանների կառուցման պլանների մասին: