Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
ՀՀ առաջին ատյանի դատարանն այսօր 2 ամսով երկարացրեց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանքը:
Ավելի վաղ, Թևանյանը մեկուսարանից հայտարարություն էր արել, որով պահանջել էր իր գործով բաց դատաքննություն անցկացնել: Նա կարծում է, որ ժողովուրդը պետք է իմանա, թե ինչի համար են իրեն մեղադրում, և հանրությանը պետք է ցույց տան իրականությունը։
Թևանյանը ձերբակալվել էր այս տարվա մայիսին՝ լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:
Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ինքը՝ Թևանյանը, հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով հիմնավորված։