Հայկական և ադրբեջանական ընկերությունները ինտերնետ-տարանցման համաձայնագիր են կնքել
Լուսանկարը` Team Telecom Armenia
«Team Telecom Armenia»-ն և «Ազերտելեկոմ»-ը կոմերցիոն հիմունքներով պայմանավորվել են երկու երկրների տարածքով ինտերնետի փոխադարձ տարանցիկ մատակարարման շուրջ՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել տարածաշրջանային հեռահաղորդակցության կապուղիները:
Որպես Հայաստանում բջջային և ինտերնետ կապի առաջատար օպերատորներից մեկը՝ «Team Telecom Armenia» ընկերությունն այս նոր երկկողմ համաձայնագրով զգալիորեն ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման աշխարհագրությունը: Նախատեսվում է ընկերության սեփական ենթակառուցվածքների միջոցով ապահովել համացանցի անխափան տարանցում դեպի հարևան Ադրբեջան:
Իր հերթին, ըստ ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության, գործարքի շրջանակում դեպի Հայաստան ինտերնետ կապի տարանցում կապահովի նաև «Ազերտելեկոմ»-ը՝ կիրառելով սեփական տեխնիկական հնարավորությունները։
2008 թվականին հիմնադրված այս ընկերությունը Ադրբեջանի խոշորագույն մագիստրալային ինտերնետ-օպերատորներից է, որը գործում է «Azerconnect Group»-ի կազմում՝ հանդիսանալով էներգետիկայի, հեռահաղորդակցության և շինարարության ոլորտներում միջազգային ներկայություն ունեցող «NEQSOL Holding» խմբի մաս: «Համաձայնագրի նպատակն է դիվերսիֆիկացնել տարածաշրջանի կապի երթուղիները, մեծացնել հեռահաղորդակցության ցանցերի հուսալիությունը և զարգացնել ոլորտային համագործակցությունը»,- ընդգծված է ադրբեջանական կապի օպերատորի հայտարարությունում։
Այս նախաձեռնությունը տեղավորվում է տարածաշրջանային ենթակառուցվածքային ավելի լայնամասշտաբ նախագծերի համատեքստում: Մասնավորապես, TRIPP տրանսպորտային և էներգետիկ ծրագրի շրջանակներում արդեն իսկ նախատեսվում է գազամուղի, նավթամուղերի և երկաթուղու կառուցմանը զուգահեռ, Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի և ժամանակակից ինտերնետային մալուխների անցկացում:
Գլոբալ հեռանկարում այս թվային և տրանսպորտային միջանցքը կարող է հանգուցային դեր ստանձնել՝ ապահովելով հաղորդակցությունը Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի Թուրքիա և Եվրոպա: