Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը»,- հավելեցին դատախազությունից:
Ավելի վաղ լուրերն էին տարածվել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։
Ի պատասխան այդ հրապարակումների՝ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ վաղօրոք պլանավորված 2-3-օրյա այց էր նախատեսել՝ խիստ անձնական և ընտանեկան նպատակներով։
«Երբ օդանավակայանի անձնագրային հսկողության կետում Գագիկ Ծառուկյանին հայտնել են, որ անհրաժեշտ է որոշ հանգամանքներ ճշտել, նա պատասխանել է, որ որևէ բան ճշտելու կարիք չկա, և եթե դա կարող է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում տուն»,- գրել է Տոնոյանը։