VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Երեւանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի չմասնակցելը եղել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածության արդյունք: Այնուհանդերձ, դա այն դեպքերից է, երբ հաճելին համակցվել է օգտակարի հետ: Ծառուկյանը եւս բացարձակապես շահագրգիռ չի եղել այդ մասնակցությամբ եւ փաստել է` անիմաստ է: Այն գումարը, որ պետք է ծախսվի ընտրությունների, քարոզարշավի վրա, այն էլ` երրորդ հորիզոնականը զբաղեցնելու արդյունքով, քանզի ԲՀԿ-ն քաղաքում միշտ պարտվել է, ինքը կօգտագործի «բարեգործության վրա»` փորձելով հնարավորինս պատասխան տալ ընտրությունների ժամանակ Մուկուչյանից արգելված «դափոններով» իրեն տված նամակ-խնդրանքների գոնե մի մասին «ինչին ժողովուրդը դեռ անհամբեր սպասում է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցությունը հայտարարում է, որ ընտրություններից հետո կա նոր ձեւակերպումների անհրաժեշտություն՝ կապված կոալիցիոն հուշագրի հետ: Նոր ձեւակերպումների անհրաժեշտության մասին օրերս կրթության ու գիտության դաշնակցական նախարարն էր հայտարարել, իսկ ապրիլի 24-ին էլ դրա մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Ինչո՞ւ է Դաշնակցությունը տեսնում նոր ձեւակերպումների անհրաժեշտություն, կամ ավելի շուտ՝ ինչո՞վ այլեւս ՀՅԴ-ին չեն բավարարում, այսպես ասած, հին ձեւակերպումները: … Այս ամենի պարագայում, երբ ՀՅԴ-ն խոսում է կոալիցիոն նոր ձեւակերպումների անհրաժեշտության մասին, ըստ երեւույթին զգացվում է պահն օգտագործելու Դաշնակցության ձգտումը: Դաշնակցությունն ըստ երեւույթին զգում է, որ այժմ շատ ավելի անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին, թեեւ առերեւույթ այդ անհրաժեշտությունը չկա, քան 2016-ի փետրվարին էր: Դա էլ իր հերթին ՀՅԴ-ին բերում է նրան, որ այդ անհրաժեշտության աճը բերի գուցե կոալիցիոն հուշագրում դիրքերի աճի: Ընդ որում, այստեղ միարժեք դժվար է ասել, որ խոսքը պորտֆելների եւ այլ պաշտոնների աճի մասին է: ՀՅԴ-ն հազիվ թե շեշտը դնի դրանց վրա, քանի որ փորձառու է իշխանության հետ գործակցության մասով եւ հասկանում է, որ այդ ամենը շատ հեղհեղուկ է: ՀՅԴ-ն ըստ ամենայնի կձգտի ստանալ նոր դիրքեր ոչ թե նոր պաշտոնների մասով, այլ, այսպես կոչված, կոալիցիոն փոխկապակցվածության մեխանիզմների»:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ «ՍԱՍ գրուպ» ընկերության նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրության հերոսներից մեկն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում: Խոսքը «ՍԱՍ գրուպ» ընկերության կոմերցիոն տնօրեն, 37-ամյա Էդգար Ավետիսյանի մասին է: Այդ նախընտրական ժողովի ժամանակ վարողը՝ «ՍԱՍ գրուպի» սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, դիմելով Էդգար Ավետիսյանին, ասել էր. «Էդո՛ ջան, կազմակերպի, ախպե՛ր ջան, սե՞նց ես կազմակերպել, մարդը ձեները բերել է, հայ-հայ է, ուզում էի ամոթանք տալ»: Ամենայն հավանականությամբ, նրան ցուցակում ընդգրկել են՝ «ձայներ բերելու» գործընթացը լավ կազմակերպելու համար: Ի դեպ, «ՍԱՍ գրուպ»-ից ՀՀԿ ցուցակում ընդգրկված է նաեւ ընկերության կադրերի բաժնի պետ Մարինե Տեր-Հովհաննիսյանը: Բայց ինչպես նա, այնպես էլ Է. Ավետիսյանը ընդգրկված են ոչ անցողիկ տեղում` բնականաբար միայն ձայներ բերելու համար»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կնոջը պատկանող «Վիլլա Օյլ» ՍՊ ընկերության տնօրեն Գեւորգ Խաչատրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Բանն այն է, որ Խաչատրյանը ցանկացել է ապօրինի, մաքսանենգ ճանապարհով 15.6 միլիոն դրամ կամ մոտ 30 հազար դոլար գումարը Հայաստանից դուրս հանել: Նա համաձայնություն է ձեռք բերել Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբի հետ, 2016 թվականի հուլիսին 6-ին Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ նրան փոխանցել պոլիէթիլային պարկի եւ փաթեթի մեջ տեղադրված գումարը: Սակայն ԱԱԾ աշխատակիցները մեքենան զննել ու գումարը հայտնաբերել են: Դրանից հետո քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր.օր 215.1 հոդվածի առաջին մասի հատկանիշներով ԵՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սահակյանների ընտանիքին հասկացրել են, որ նրանցից մեկը կարող է անցնել ԱԺ: «Ընտանիքը» «կոնսիլիում» է արել, որ պետք է Արմանը տեղը զիջի Գալուստ Գրիգորիչին, չնայած նրան ավագների խորհրդում էին տեսնում՝ ԱՄԿ դիսիդենտների գլխին: «Արմանը, ճիշտ է, շատ էր ուզում պատգամավոր դառնալ, ահագին էլ ձայներ ապահովեց, բայց դե` ստիպված կլինի մնալ պետգույքում»,- ասաց ՀՀԿ-ից նրա «սարատնիկ-ընկերը»: Իսկ Կարեն Կարապետյանն ինչո՞ւ «չունի» Արմանի հետ, իր մարդո՞ւն է ուզում նշանակել, որտեղ առաջիկայում բարեփոխումներ պետք է իրականացվեն: «Չէ՜, ուղղակի Արմանի գլխին գալովի է. էն ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանն էր նկատողություններ անում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շարունակում է լարված անորոշության մեջ պահել ՀՀԿ-ականներին, առանձնապես ռեյտինգայինների երկրորդ էշելոնին։ Իսկ մարզերում շարունակվում են «բազարները», թե ով ումից ձայն գողացավ, ինչքան: Թեեւ ոմանց համար զարմանալի էր Շիրակի մարզում Արման Սահակյանի առաջատար լինելը, սակայն, Գյումրու մեր աղբյուրների վկայությամբ, նա անգամ որոշ չափով օգնել է Ֆելիքս Ցոլակյանին։ Արդյունքում նրանք երկուսն էլ անցել են՝ 14 հազար 510 եւ 11 հազար 796 ձայնով: Սակայն ԱԺ գնացող Ֆելիքս Ցոլակյանը հնարավոր է՝ երկար չմնա օրենսդիր մարմնում։ Նախագահի լիազորությունների ավարտին՝ 2018-ին, նոր հաստիք է ստեղծվելու՝ նախագահի ներկայացուցիչ հանրապետության չորս հատվածներում։ Եվ Ցոլակյանը կարող է դառնալ նախագահի ներկայացուցիչը Հայաստանի հյուսիսային շրջաններում»։