Տնտեսությունը երկիր պահողն է. տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր, տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ: Այս մասին ԲՀԿ քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով ՌԴ կողմից Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ սահմանելուն, նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունն այսօր քանդման եզրին է հայտնվել այս իշխանություններ պատճառով.
«Ժողովրդին կերակրողը տնտեսությունն է, եթե այն քանդվեց, ի՞նչ է լինելու։ Տնտեսությունը կամ զարգանում է, աշխատում է, կամ միանգամից քանդվում, տրաքում է։ Այսօր քանդման եզրին ենք կանգնած, այս ժողովրդին ո՞վ է պահելու, ո՞վ է կերակրելու, վարկերն ո՞վ է փակելու։ Մարդիկ ունեցվածքը լրիվ կորցնելու են, այսպես չի կարող լինել։ Միայն դատարկ-դատարկ խոսում են, թե այլընտրանքներ ունենք։ Այլընտրանքը նա է, որ մեկը փակվեց, մյուսը բացվում է, իսկ դա չկա այսօր», - նշեց Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ այնքան ասացին "խաղաղություն ենք բերել", որ վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետ:
Իսկ նախօրեին Վանաձորում քարոզարշավի շրջանակում Ծառուկյանը խոսել է նաև երիտասարդներից, մեր ապագա սերնդից, որ պետք է այնպես անել, որ նրանք չհիասթափվեն.
«Երիտասարդները մեր երկրի գլխավոր հույսն են, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում երիտասարդությունը կկարողանա իրեն իրացնել հայրենիքում։ Ամենակարևորը, որ նրանք չկորցնեն վստահությունն իրենց նկատմամբ, կարողանան արժանապատիվ ապրել իրենց հայրենիքում, զարգանալ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանք դժվարությունների առաջ չկոտրվեն, չընկնեն հուսահատության մեջ և չկորցնեն հույսը», - ընդգծել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում