Ի՞նչ է նշանակում Հայաստանում թանկացնել գազը
Ի՞նչ է նշանակում Հայաստանում թանկացնել գազը: Դա նշանակում է Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ կախվածության մեջ դնել Ադրբեջանից: Պարզ է չէ, որ ադրբեջանական գազն է լինելու «այլընտրանքը»: Հիմա, եթե անգամ Ադրբեջանը էժան գազ է տրամադրելու Հայաստանին, պարզ է չէ՞, որ դա չի անելու բարեգործությամբ: Բնական է, որ դա անելու է քաղաքական ռազմավարական շահադիտությամբ:
Իսկ ո՞րն է Ադրբեջանի ռազմավարական խնդիրը: Հայաստանի պետական աբսորբացիան: Դա առաջին հերթին ենթադրում է տնտեսություն, որովհետեւ ասեք կամ արեք ինչ ուզում եք, բայց պետության բնույթն ու տրամաբանությունը՝ տնտեսությունն է, տնտեսական կոնցեպտը:
Հիմա, եթե մեր տնտեսությունը հայտնվում է Ադրբեջանի «խնամքի» ներքո, կարծում եմ դժվար չէ պատկերացնել այդ իրավիճակի հետագա «զարգացումը»: Ադրբեջանը էժան գազ կտա, դրա դիմաց իհարկե Հայաստանից ստանալով տնտեսական ռազմավարական «հարստություններ»:
Ահա, թե ինչի՞ մասին է հազվագյուտ հանածոների մասին հայ-ամերիկյան հուշագիր կոչվածը: եթե մտածում եք, թե ԱՄՆ-ին այդ իմաստով հետաքրքրում է Սյունիքը, մեղմ ասած սխալվում եք չարաչար: Սյունիքի պաշարները այդքան չկան, որ հետաքրքրեն ԱՄՆ-ին: Դրանք հետաքրքրում են Ադրբեջանին: ԱՄՆ, ինչպես ճանապարհի, այնպես էլ մյուս հարցերում՝ «միջնորդն» է: Ինչպես ճանապարհն է ԱՄՆ փաթեթավորմամբ տրվել դե ֆակտո Ադրբեջանին, այնպես էլ լինելու է հազվագյուտ հանածոների պարագայում: ԱՄՆ պարզապես այդ ամենից կստանա իր այսպես ասած «կոմիսիոն» գինը, եւ իհարկե քաղաքական ավելի գլոբալ պայմանավորվածությունն Ադրբեջանի հետ՝ արդեն կենտրոնասիական ավելի խոշոր եւ ռազմավարական առումով նշանակալի ռեգիոնի ու ռեսուրսների հաշվարկով:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան