«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների շարժերի վերաբերյալ տեղեկանքը՝ 20/05/2026–22/05/2026 ժամանակահատվածի համար։ Տվյալները ներառում են կուսակցությունների մուտքերը, ելքերը, նվիրատվությունները, վարձակալական ծախսերը, հարկերը և հաշվային մնացորդները։
Հրապարակված տվյալների համաձայն՝ ամենախոշոր ֆինանսական շարժը արձանագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ։ Կուսակցությունը ստացել է 85,476,600 դրամ նվիրատվություն՝ 191 անձից, ինչպես նաև 144,300 դրամ անդամավճար և 18,977,600 դրամ պետական ֆինանսավորում։ Ելքերը կազմել են 120,337,160 դրամ, որի հիմնական մասը՝ 120 մլն դրամ, փոխանցվել է նախընտրական հիմնադրամ (70 մլն՝ 2026 թվականի մայիսի 21-ին և 50 մլն՝ մայիսի 22-ին), ինչպես նաև ներառել է 5,586,000 դրամ հարկային վճարներ։ Կուսակցության բանկային մնացորդը կազմել է 78,336,889 դրամ։
Երկրորդ խոշոր ֆինանսական շրջանառություն ունեցող ուժը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է, որը ստացել է 168,870,000 դրամ նվիրատվություն՝ 43 անձից։ Այլ ելքերը կազմել են 223,934,026 դրամ, որոնց թվում են ծառայությունների վճարներ, կրեդիտորական պարտքեր, հաշիվ-ապրանքագրերով վճարումներ, Facebook-ի գովազդ, ապահովագրավճար և 160 մլն դրամի փոխանցում նախընտրական հիմնադրամ։ Դաշինքի բանկային մնացորդը կազմել է 89,583,741 դրամ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 18,000,000 դրամ նվիրատվություն՝ 2 անձից և 18,977,600 դրամ պետական ֆինանսավորում։ Ելքերը կազմել են 20,285,000 դրամ, որոնցից 18 մլն դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 2,285,000 դրամը ծախսվել է տպագրության վրա։ Կուսակցության հաշվին արձանագրվել է նաև 390,000 դրամ վարձակալական վճար։ Բանկային մնացորդը կազմել է 18,880,896 դրամ»։