Հարցում․ Եվրոպայում հակասեմականությունը փոխարինվել է մուսուլմանների նկատմամբ ատելությամբ
Մուսուլման փախստականների ներհոսքը Եվրոպա իր վրա է գրավել ուլտրաաջ ուժերի ուշադրությունը, դրա համար էլ ԵՄ-ում նվազել են հակասեմականության դրսևորումները, բայց փոխարենն աճել է մուսուլմանների նկատմամբ հակակրանքի մակարդակը՝ այս մասին են վկայում 2016-ի համար Կանտորա իսրայելական կենտրոնի հավաքած տվյալները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հակասեմականության մակարդակի մասին զեկույցը ապրիլի 23-ի ներկայացվել է Թել Ավիվի համալսարանում։ Հետազոտության հեղինակը Կանտորա կենտրոնն է, որի գործունեության հիմնական ուղղությունն է Եվրոպայի հրեաների պատմության ու կյանքի ակադեմիական հետազոտությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից սկսած մինչև մեր օրեր։
«Եվրոպայում միգրանտների ալիքը իր վրա է շեղել ուլտրաաջ ուժերի ուշադրությունը․․ Ահաբեկչությունների քանակի ավելացման նկատմամբ վախը հնարավոր է դարձրել հրեական սփյուռքի ու Իսրայելի նկատմամբ կարեկցանքի արտահայտումը։ Իսկ Գերմանիայում մուսուլմանների բնակության վայրերի վրա հարձակումները եռապատկվել են»,- նշվում է զեկույցում։
Կանտորա կենտրոնի խորհրդի նախագահ Արյե Ցուկերմանը նշել է, որ բայցևայնպես հրեաները առաջվա պես մնում են «ռիսկի խմբում» ու կարող են հարձակումների թիրախ դառնալ։ Հակասեմականության դրսևորումները հատկապես նկատելիորեն են նվազել Ֆրանսիայում, Բելգիայում ու Բենիլյուքսի երկրներում։ Մեծամասամբ, փորձագետի խոսքով, դա պայմանավորված է անվտանգության միջոցառումներով, որոնք ուղղված են սինագոգաների ու հրեական դպրոցների պաշտպանության ուժեղացմանը։
Եվրոպայի հրեական կոնգրեսի նախագահ Վյաչեսլավ Մոշե Կանտորն էլ իր հերթին է շեշտել, որ ներգաղթյալների նորհոսքը Եվրոպա նաև հանգեցրել է ծայրաստիճան աջերի ու նեոնացիստական շարժումների ուժեղացմանը, «ինչը արտահայտվել է բոլոր փոքրամասնությունների՝ այդ թվում հրեաների նկատմամն բռնության դրսևորումներով»։