24.11.2024
Կենտրոնի բեռնաթափում, նոր ճանապարհների կառուցում, մատչելի Երևան. ՀՀԿ-ի խոստումները
prev Նախորդ նորություն

Հարկային տեռո՞ր, թե՞ ստվերի դեմ պայքար. ՊԵԿ-ը «գնալու է մինչև վերջ»

Ֆոտո՝ PanARMENIAN.Net
Ֆոտո՝ PanARMENIAN.Net

«Սուրմալու» և «Առինջ Մոլ» տոնավաճառների առևտրականները ցույց են անցկացնում կառավարության շենքի առջև։ Նրանք հայտարարում են, որ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել տոնավաճառներում և «հարկային տեռորի» է ենթարկում իրենց։ Մինչդեռ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ բողոքն ուղղորդված է, և կոմիտեն վճռականորեն «գնալու է մինչև վերջ»:


ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ օրերս հայտարարություն է տարածվել այն մասին, որ բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ է իրականացնելու: «Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»՝ անհիմն ենթադրություններով կապեր ստեղծելով «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» և վարչապետի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:


ՊՀԿ-ից հստակեցոնւմ են, որ կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն և բխում են այն տրամաբանությունից, որի մասին նախապես կոմիտեն հայտարարել էր՝ քննարկելով նաև հասարական կառույցների հետ: «Եվս մեկ անգամ շեշտենք, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներ են մեկնարկել: Կոմիտեն ներկայացրել է ռիսկերն ու անհատական վերլուծությունների համակարգի հիման վրա կազմել յուրաքանչյուր ընկերության ստվերի անձնագիրը՝ բիզնեսին առաջարկելով ինքնակամ վերանայել հարկային վարքագիծը: Այդ ընթացքում կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից, ավելին՝ երկխոսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներգրավել է նաև հասարակական կազմակերպություններին», - ասված է հաղորդագրության մեջ:


«Կոմիտեն ներկայացրել է ռիսկերն ու անհատական վերլուծությունների համակարգի հիման վրա կազմել յուրաքանչյուր ընկերության ստվերի անձնագիրը՝ բիզնեսին առաջարկելով ինքնակամ վերանայել հարկային վարքագիծը: Այդ ընթացքում կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից, ավելին՝ երկխոսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներգրավել է նաև հասարակական կազմակերպություններին:


Կառավարության շենքի դիմաց ապրիլի 21-ին առևտրականները սկսել են բողոքի ակցիա: Նրանք նշում են, որ ՊԵԿ-ը հավասար պայմաններ չի ստեղծում բիզնես միջավայրում, մանր բիզնեսին ճնշում է: Նրանք բողոքում են հարկային ստուգումների դեմ:


«Մեզանից ներմուծման թուղթ են ուզում, բոլոր աշխատողներին, ասում են, գրանցեք, նախազգուշացնում են տուգանելու մասին, ամսական 30-40 հազար հարկ ենք վճարում՝ ավելին են ուզում։ Թող թողեն՝ մանրերը շնչեն, թող խոշորներից էլ ներմուծման թուղթ ուզեն, ինչի՞ չեն ուզում, բարեկամ, ծանոթ, խնամի են՝ այդ պատճառով»,-նշեց առևտրականներից մեկը: Նրանց խոսքով՝ բնակչության սոցիալական վիճակն անընդհատ նվազում է, ուստի իրենք եկամուտ չունեն, որպեսզի «հարկային ահաբեկումների» դեմն առնեն: Առևտրականներն իրենց հարցը չլուծելու դեպքում սպառնում են ավելի կտրուկ քայլերի դիմել:


ՊԵԿ-ը համաձայն չէ այդ պնդումների հետ՝ նշելով, որ միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ:


Չնայած արձանագրված դրական արդյունքներին՝ ՊԵԿ-ից նշում են, որ այդուհանդերձ, կան որոշ տնտեսվարողներ, որոնք վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն մեկնարկել: «Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը, ինչպես նախապես տեղեկացրել էր, նախազգուշացումից անցնում է հսկողական գործողությունների՝ հասարակական կազմակերպություններին ևս առաջարկելով ներգրավվել աշխատանքներում: Տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են, որը պետք է օրենքի դաշտում գործի, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի: Ընդգծենք, որ կոմիտեի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են այն խոշոր տնտեսվարողների դեմ, որոնք օրենքը շրջանցելով քողարկվում են փոքրի դաշտում: Միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ, այլ նպատակաուղղված են տոնավաճառների կազմակերպիչների գործունեության կանոնակարգմանը», - նշում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից:


Պետական եկամուտների կոմիտեն առաջացած բողոքն ուղղորդված է համարում: «Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ: ՊԵԿ-ը դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ շարունակելով նախազգուշացնել հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու վերաբերյալ: Իրականացվելու է հասցեական հսկողություն՝ բոլորի համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով: Միաժամանակ օրինապահ հարկ վճարողները կարող են վստահ լինել, որ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու իրենց գործունեությանը», - ընդգծված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: