24.11.2024
Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի. խոսնակ
prev Նախորդ նորություն

Կենտրոնի բեռնաթափում, նոր ճանապարհների կառուցում, մատչելի Երևան. ՀՀԿ-ի խոստումները

Հանրապետական կուսակցությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների իր նախընտրական ծրագիրը: Այն բաղկացած է մի շարք ենթաբաժիններից՝ մատչելի Երևան, հոգատար Երևան, բարեփոխվող Երևան, ապագա Երևան, բարեկարգ Երևան և այլն: Ամեն բաժնում ներկայացված է ՀՀԿ-ի տեսլականը:

Օրինակ, ՀՀԿ-ի քաղաքաշինության տեսլականը ամրագրում է, որ կառավարման նախորդ ժամանակահատվածում թիմը կյանքի է կոչել քաղաքաշինական աննախադեպ ծրագրեր՝ հավատալով, որ զարգացմանն այլընտրանք չկա.

«Այսօր մեր թիմն ամենից լավ է տիրապետում Երևանի խնդիրներին, միևնույն ժամանակ կայուն գիտելիք ու փորձառություն ունի՝ Երևանը մեկ աստիճան ևս բարձրացնելու և միջազգային չափանիշներին համապատասխան մայրաքաղաք դարձնելու համար։ Նպատակ ունենալով ապահովել համատեղ գրանցած հաջողությունների շարունակությունը՝ մենք հայտ ենք ներկայացրել կյանքի կոչելու տասնյակ խոշոր քաղաքաշինական նախագծեր, ինչը բազմաթիվ նոր աշխատատեղերի հնարավորություն կստեղծի։ Մենք հավատում ենք Երևան քաղաքի այն տեսլականին, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը»,- ասված է ծրագրում:

2017-2022 թվականներին ՀՀԿ-ի ծրագրում ամրագրված են հետևյալ քայլերը՝ բեռնաթափել Երևան քաղաքի կենտրոնի երթևեկությունը՝ շրջանցիկ ճանապարհներ կառուցելով։ Ծրագրի շրջանակում կկառուցվեն հետևյալ ճանապարհները.

• Արգավանդ - Շիրակ ճանապարհ (Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղի)` Հրազդան գետի վրա կամրջի կառուցմամբ,
• Դավթաշեն - Աշտարակի խճուղի ճանապարհ,
• Բաբաջանյան փողոց - Աշտարակի խճուղի ճանապարհ,
• Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհ,
• Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային ճանապարհ:


Մատչելի միջավայրին վերաբերող բաժնում ՀՀԿ-ն ամրագրում է, որ քաղաքային կառավարման գործընթացում լուրջ մարտահրավեր է հնի և նորի համակցումը՝ քաղաքում արդեն առկա տարբեր ժամանակներում կառուցված շինությունների և հանգույցների համապատասխանեցումը ժամանակակից ու մատչելի քաղաքի պահանջներին.
«Այս աշխատանքը պահանջում է ժամանակ և հետևողականություն, և մենք շարունակում ենք մեկ առ մեկ հարմարավետ կահավորանք ու մատչելիություն ապահովել բոլոր հանրային վայրերում։ Մենք համոզված ենք, որ եթե քաղաքը հարմար է տեղաշարժման սահմանափակումներ ունեցող մարդկանց համար, ուրեմն հարմար է բոլորի համար»,- ասված է ծրագրում։


Նշվում է, որ ՀՀԿ-ի տեսլականը հենվում է մարդակենտրոն մայրաքաղաք ունենալու հրամայականի վրա, ինչն արտացոլված է իրենց բոլոր ծրագրային դրույթներում։


 


Տրանսպորտի հարցում ևս ՀՀԿ-ն հեղափոխական պլաններ ունի: 2017-2022թթ. ծրագրերում ամրագրված է, որ պետք է մշակվի ու կիրառվի Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր և արդյունավետ երթուղային ցանց։ Ապահովվի հասարակական տրանսպորտի միջազգային չափանիշներով սպասարկման ծառայությունների մատուցում՝ կազմավորելով նոր օպերատոր։ Միկրոավտոբուսների հնարավորինս բացառման գերակա սկըզբունքով երթուղային ցանցին համապատասխան ձեռք բերել սպասարկման ժամանակակից պահանջները բավարարող մեծ և միջին տեղատարողությամբ նոր ավտոբուսներ։ Ներդնել էլեկտրոնային և միասնական տոմսային նորագույն համակարգ՝ սոցիալական խմբերի համար հստակ զեղչերի կիրառմամբ։


Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ապահովել երթուղիների, չվացուցակների, տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի և ժամանման իրական ժամանակի վերաբերյալ տեղեկությունների առցանց հասանելիությունը։
Արդիականացնել կանգառասրահները համապատասխան կահավորանքով և նոր տեղաբաշխմամբ։ ՀՀԿ-ի ծրագրում նախատեսվում է ձեռք բերել նոր տրոլեյբուսներ և տրոլեյբուսային ցանցն ինտեգրել ընդհանուր տրանսպորտային ցանցին։ Մշակել և ներդնել երթևեկության կանոնակարգմանը և փողոցային տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանն ուղղված երթևեկության կառավարման (ներառյալ լուսացուցային օբյեկտները, ճանապարհային նշանները և այլն) միասնական ծրագիր։


Հիշեցնենք, այսօր մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, այն կտևի մինչև մայիսի 12-ը: Մայրաքաղաքի բնակիչները Երևանի ավագանի կընտրեն մայիսի 14-ին: