«Ստորացման երեկո» և կոմպրոմատների պատերազմ. ինչո՞ւ հրապարակվեց SAS-ի ձայանգրությունը
14.04.2017
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է SAS Group-ի նախընտրական ժողովից հրապարակած հայտնի սկանդալային ձայնագրությանը, որում մի տղամարդ ընկերության աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի համար, հակառակ դեպքում նրանց հետ շատ վատ կվերաբերվեն կամ կազատեն աշխատանքից։
Ընթերցելով անուն-ազգանունները՝ տղամարդը հերթով ամոթանք է տալիս այն աշխատակիցներին, որոնց անվան դիմաց նշված է, թե ձայներ չեն կարող բերել Արտակ Սարգսյանի համար: Նրանց, ում անվան դիմաց նշված է, որ կարող են մի քանի տասնյակ ձայն ապահովել, տղամարդը խոստանում է ուղևորություն դեպի Փարիզ, նաև այլ տեսակի պարգևատրումներ:
Թեպետ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ուսումնասիրում է համացանցում տարածված ձայնագրությունը, սակայն իրավապաշտպաններն ու փորձագետները մեծ հույսեր չունեն, որ ձայնագրության ժամանակ տեղ գտած բոլոր իրավախախտումներին կտրվեն հստակ գնահատականներ եւ տեղի կունենա արդար քննություն: Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր թիվ 2 ընտրատարածքում եւ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքելով 12 հազար 27 ձայն՝ վերընտրվել: Հիշեցնենք նաեւ, որ ձայանագրությունը համացանցում տարածվել է մարտի 13-ին, իսկ ՍԱՍ գպուպից կամ Արտակ Սարգսյանն ինքը դեռ չեն հանդես եկել հերքմամբ կամ մեկնաբանությամբ:
Ինչեւէ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիրը, սակայն հարցը դիտարկում է այլ հարթությունում: Նա իր խմբագրականում հարց է ուղղում՝ ինչի՞ համար են Սասի Արտակը եւ նրա նմանները ցանկանում պատգամավոր դառնալ ու որոշակի տարբերակներ առաջ քաշում. «Օրենսդրական աշխատանքը նրանց ակնհայտորեն չի հետաքրքրում, որեւէ ամփոփ միտք արտահայտող նախադասություն նրանք ի վիճակի չեն արտաբերել: Այդ պերսոնաժները կամ ընդհանրապես չեն գա Ազգային ժողով, կամ էլ 5 տարի կնստեն՝ առանց ծպտուն հանելու»: «Դուք կասեք՝ նրանց պետք է պաշտպանել իրենց սեփականությունը, ստանալ անձեռնմխելիություն եւ այլն: Եթե նրանք այդպիսի հաշվարկ են անում, ապա կատարյալ հիմարներ են, որովհետեւ փորձը ցույց է տալիս՝ այդպիսիներին սնանկացնելն ու փողոց շպրտելը 5 րոպեի հարց է: Իսկ ես, որքան էլ այդ, այսպես կոչված, «գործարարներին» վատ վերաբերվեմ՝ չեմ կարծում, որ նրանք հիմար են՝ կենցաղային խելք ու խորամանկություն նրանք, անշուշտ, ունեն», - նշում է Աբրահամյանը:
Հետեւաբար, նրա խոսքով, պատճառները պետք է փնտրել «հոգեւոր» ոլորտում: «Իսկ «հոգեւորը» նրանց համար ամփոփվում է մեկ կարճ նախադասության մեջ՝ «կայֆ ա տալըմ»: Նրանց տեսանկյունից ինչ-որ բանդիտական «պոնտ» կա պատգամավորի մանդատ ունենալու մեջ: Եվ այդ, ըստ էության, դատարկ քմահաճույքի համար նրանք պատրաստ են նվաստանալ եւ նվաստացնել ուրիշներին: Համացանցում տարածվել է Սասի Արտակի նախընտրական («ձայն բերողների») թիմի ժողովներից մեկի ձայնագրությունը: «Տասնապետը» կամ «հարյուրապետը» մի լավ «տոկի է տալիս» իր ենթականերին՝ սպառնալով քիչ ձայն բերելու դեպքում նրանց ազատել աշխատանքից՝ ըստ ամենայնի, «Սաս գրուպից», - նշում է նա:
Միեւնույն ժամանակ նրան թվում է՝ այստեղ կրիմինալ, այնուամենայնիվ, կա, քանի որ որեւէ մեկը չի կարող իր աշխատանքային իրավահարաբերությունները պայմանավորել նրանով, թե որքանով է իր վարձու աշխատողը բավարարում նրա «քաղաքական» ամբիցիաները:
Բայց, ըստ նրա, խնդիրն ավելի խորքային է. «Նախընտրական շրջանում այդպիսի ժողովներ անցել են հարյուրավոր հիմնարկներում՝ մասնավոր ընկերություններում, դպրոցներում (ինչն ապացուցվեց), հիվանդանոցներում, թաղապետարաններում եւ այլն: Թե ինչ է նշանակում «ձայն բերել», մենք նույնպես շատ լավ գիտենք: Եվ ամենաէականն այստեղ ոչ թե «տասնապետի» սպառնալիքներն են, այլ հլու-հնազանդ զանգվածի լռությունը: Ստրկացնելու ցանկություն կարող է ունենալ միայն իր էությամբ ստրուկը: Ստրուկը նվաստացնում է «հարյուրապետերին» եւ «տասնապետերին», նրանք էլ՝ իրենց հպատակներին: «Կայֆ ա տալըմ»: Որտեղի՞ց այդքան շատ ստրուկ՝ դժվար է ասել: Հիշո՞ւմ եք Դովլաթովի տողերը. «Մենք անվերջ հայհոյում ենք ընկեր Ստալինին եւ, իհարկե, իրավամբ: Այդուհանդերձ, թույլ տվեք հարցնել՝ իսկ ո՞վ է գրել 4 միլիոն մատնագիր»:
Մյուս կողմից հարց է առաջանում, թե ինչու հիմա՝ ընտրություններից հետո, հրապարակվեց այս ձայնագրությունը, երբ, ըստ մամուլի հրապարակումների, իշխող Հանրապետական կուսակցությունում կատաղի պայքար է ընթանում պատգամավորական մանդատների համար, իսկ իշխանության վերին էշելոններում շարունակվում են «պատվախնդիր» քննարկումները, թե որ վարկանիշային թեկնածուն որքան քվե է ապահովել ՀՀԿ-ին եւ իրավունք ունի ստանալու բաղձալի մանդատը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, անդրադառնալով անցկացված խորհրդարանական ընտրություններին, դրանք համարեց պետական աննախադեպ կազմակերպված հանցագործություն։ Սակայն նրա կարծիքով, չի բացառվում, որ ձայնագրության հրապարակումը կազմակերպված լինի հենց իշխանությունները՝ իրենց ռեյտինգային թեկնածուներն սանձելու համար: Այ կերպ ենթադրում է վախեցնում են մեկին եւ զգուշացնում մյուսներին: «Հունական մի ասացվածք կա. ասում է՝ ստրուկը ստրուկ չի ուզում մնալ ոչ թե ազատության համար, այլ սեփական ստրուկն ունենալու համար։ Այսպիսի մարդիկ ստրուկ են, իրենք էլ իրենց ստրուկին են ուզում ունենալ… Այսօր իշխանության ներսում գզվրտոց է: Ասում են՝ շատ ձայն հանաքածները կարող է դիմում գրեն, դուրս գան: Ոչ միայն ՀՀԿ-ում, արդեն խորհրդարան մտած ուժերի ներսում էլ է գզվրտոց», - ասաց նա հավելելով, որ Սահմանադրական դատարանում ընտրուոթյունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումում ներկայացվել է այս ձայնագրությունը:
Ասվածից կարելի է ենթադրել, որ հենց իշխող համակարգի ներսում բալանսը պահելու նապատակով (իսկ կոմպրոմատները դրա անբաժանելի մասն են) իշխանության զինաննոցում դժվար թե սա միակ ձայնագրությունը լինի: Այս առումով «Հայկական ժամանակ» թերթը հարց է ուղղում՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ընթացք են ստացել նույն ժողովները ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան-Սիթիո՞ւմ»-ներում: «Ասում են՝ «Սիթիներում» սովորություն ունեն իրենց աշխատանքը թերի կատարած աշխատակիցներին ֆիզիկական բռնությամբ պատժել: Ի՞նչ կլինի նրանց հետո, ովքեր կհրաժարվեն ընտրել համապատասխան թեկնածուին, կամ ձայն հավաքել նրա համար, չարժե նույնիսկ պատկերացնել: Աշխատանքից ազատվելով պրծնելը տվյալ պարագայում, թերեւս, մատաղի թեմա է: Իսկ «Մուլտի գրուպ»-ի աշխատողնե՞րը: Հնարավո՞ր է, որ նման ժողովներ նրանք չեն վայելել: Իհարկե, հնարավոր չէ», - նշում է թերթը:
ՀՀԿ-ի ներսում պատգամավորականմանդատների համար կատաղի պայքարի մասին վկայում են մամուլում պարբերաբար հրապարակվող նյութերը: «Իրատես» թերթի աղբյուների համաձայն խորհրդարանական ընտրություններից հետո հաղթողները «վերեւներին» հասկացնում են, թե ում շնորհիվ են իրենք «կանգուն»: «Բարձր քվե ստացած ռեյտինգային թեկնածուները մերձավորների շրջանում հայտարարում են, թե ՀՀԿ-ն իրենց է պարտական, որ նորից «գահին» է: Տարածքային թեկնածուներն ընդգծում են «որ եթե իրենք չլինեին, Կարեն Կարապետյանի վարկանիշը չէր փրկի իշխող կուսակցությանը: «Այդքան ձայն մենք ենք ՀՀԿ-ին ապահովել, ոչ թե վարչապետի վարկանիշը: Առանց մեր արածի քանի՞ ձայն կբերեր այդ վարկանիշը»,- ասում են նրանք ու հայտարարում, գրում է թերթ:
Հատկանշական է՝ «Ժամանակ» թերթը նշում է, որ «ՍԱՍ Գրուպ»-ում ՍԱՍ-ի Արտակի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի մասնակցությամբ տարածված ձայնագրությունը միակը չէ: «Ըստ տեղեկությունների՝ իշխանությունները տարատեսակ կոմպրոմատներ ունեն ռեյտինգային բոլոր թեկնածուների դեմ՝ նրանց ամբիցիաներն ու հնարավոր անզուսպ պոռթկումները զսպելու համար: Չի բացառվում, որ շատ մոտ ապագայում, մինչեւ ՀՀԿ խմբակցության ճշգրտումը, նորանոր այդպիսի ձայնագրություններ ի հայտ գան: Ի դեպ, երեկ ուշ երեկոյան համացանցում հայտնվեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի ձայնագրությունը, որտեղ նա ընտրողներին համոզում է քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Համոզելու մեթոդները չեն զիջում ՍԱՍ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի մեթոդներին», - նշում է թերթը: