ՀՀ-ն ՌԴ-ից ձեռք է բերել խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» և «Վերբա» զենիթահրթիռային համալիրներ
2016 թվականի ապրիլից հետո հակաօդային պաշտպանության համակարգը վերազինելու գործընթացը արագացնելու կտրուկ քայլեր են ձեռնարկվել և հատկապես առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը ժամանակակից միջոցներով համալրելու ուղղությամբ: Ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում: Այս մասին hayzinvor.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը:
Նա նշել է, որ Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ: Մեկ տարվա ընթացքում ստեղծվել է ամուր հակաուղղաթիռային համակարգ:
«Գաղտնիք չէ, որ հակառակորդը առաջնագծում ճեղքում իրականացնելու կամ ինչ-որ գործողություն կատարելու համար անպայման փորձելու է կիրառել մարտական ուղղաթիռներ` յուրային զորքին կրակային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս վտանգը չեզոքացնելու համար հակաուղղաթիռային համակարգում զգալիորեն ավելացել են նշանուղիները: Եթե հակառակորդը եւս մեկ փորձ նախաձեռնի, կունենա ոչ թե մեկ-երկու ուղղաթիռի կորուստ, այլ հաշված րոպեներում կոչնչացվեն նրա մի քանի տասնյակ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ»,- հավաստիացրել է Պողոսյանը:
Նա նաև նշել է, որ ՀՕՊ համակարգը միշտ եղել է մեր պետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մինչ ապրիլն էլ այն համակարգված եւ ուղղորդված է զարգացել: