28.11.2024
ՀՀ-ն ՌԴ-ից ձեռք է բերել խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» և «Վերբա» զենիթահրթիռային համալիրներ
prev Նախորդ նորություն

Մամուլ. 2018 թ-ից հետո Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերին հետաքրքրում է ոչ այնքան առկա դասավորությունների հարցը, որքան այն, թե ինչ պատկեր կլինի իշխանությունում 2018-ից հետո: Այսինքն՝ ճիշտ այն ժամանակ, երբ կավարտվի նախագահի լիազորությունների ժամկետը, իսկ երկիրը լիովին «կմխրճվի» կառավարման խորհրդարանական համակարգի մեջ: Այս համատեքստում եւ շարքային քաղաքացիներին, եւ քաղաքական գործիչներին հուզում է մեկ հարց որտե՞ղ է լինելու Սերժ Սարգսյանը: Այստեղից ծագում է նաեւ ենթահարց՝ Կարեն Կարապետյանը կմնա՞ իր տեղում:


Մեր տեղեկություններով, այս օրերին իշխանությունում հետաքրքիր սցենար են մտածում, որպեսզի երկրի եւ առաջին, եւ երրորդ դեմքերը գոհ մնան: Ըստ այդ նոր դասավորության, Սերժ Սարգսյանը, ինչպես հայտարարել է, չի հեռանա իշխանությունից ու քաղաքականությունից, կլինի վարչապետի պաշտոնում: Այդ դեպքում որտե՞ղ կլինի Կարեն Կարապետյանը: Հարցին հետաքրքիր պատասխան եղավ` էլի վարչապետ, մեկ տարբերությամբ՝ այս անգամ փոխվարչապետ: Նա լինելու է Սերժ Սարգսյանի առաջին տեղակալը, պատասխանատու է լինելու տնտեսական բարեփոխումների համար: Այսպիսով, նրան հնարավորություն է ընձեռվելու հայտարարված բոլոր բարեփոխումներն ու ծրագրերը անմիջականորեն իրականացնելու: Իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես ասել էր, հետամուտ է լինելու երկրի անվտանգության ապահովմանը: Հենց այնպես չէր ընտրված նախընտրական կարգախոսը՝ «Անվտանգություն եւ առաջընթաց», այսինքն, կողք կողքի են լինելու անվտանգությունը (Սերժ Սարգսյան) եւ առաջընթացը (Կարեն Կարապետյան)»:


«ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը, ըստ ամենայնի, կլինի Վահե Էնֆիաջյանը, քանի որ, եթե ԱԺ նախագահ դառնա ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ապա Իշխան Զաքարյանը, ըստ ամենայնի, չի դառնա ԱԺ փոխնախագահ, որովհետեւ նա չի ցանկանում դառնալ Շարմազանովի տեղակալը: Նշենք, որ երեկ արդեն գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանը ոչ ոքի չի ցանկանում վստահել խմբակցության ղեկավարի պաշտոնը եւ, թերեւս, հենց ինքն էլ կզբաղեցնի այդ պաշտոնը հակառակ նրան, որ ընդհանրապես ԱԺ նիստերին չի հաճախում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ համառորեն լուրեր են շրջանառվում, որ ՍԴ նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ ընտրություններում խայտառակ պարտություն կրած Արթուր Բաղդասարյանն է, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնի համար նոր թեկնածու է առաջ եկել: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով նաեւ նոր Սահմանադրության hամահեղինակն է, առաջիկա մեկ տարին օրենսդիրում իր ծառայությունը բերելուց հետո, 2018-ից, ըստ ամենայնի, կնշանակվի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում՝ փոխարինելով Գագիկ Հարությունյանին: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ցանկանում է զբաղեցնել Հովհաննես Սահակյանը։ Այդ պաշտոնում նրա նշանակումը դեռ խիստ մշուշոտ է»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախորդ տարի երկու նոր մեքենա է գնել, որոնցից Mercedes-Benz G-ն արժեցել է 88 միլիոն դրամ, իսկ Bentley Bentayga-ն՝ 186 հազար եվրո: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից՝ Գագիկ Ծառուկյանի ներկայացրած 2016 թվականի հայտարարագրից: Գագիկ Ծառուկյանը, բացի մեքենաներից, նախորդ տարի 118 հազար եվրոյով կահույք է գնել, իսկ 251 հազար եվրոյով՝ վարագույր: ԲՀԿ նախագահը նախորդ տարվա սկզբին ունեցել է 157 միլիոն դրամ, 8.3 միլիոն դոլար, 3.8 միլիոն եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 177 միլիոն դրամ, 4.5 միլիոն դոլար եւ 4 միլիոն եվրո:


Ազգային ժողովի պատգամավորը 2016 թվականին ստացել է 2.5 միլիարդ դրամ եկամուտ, որից աշխատավարձը կազմել է ընդամենը 4.4 միլիոն դրամ: Մնացած եկամուտները գոյացել են շահաբաժիններից, վարձակալության դիմաց ստացած վճարներից եւ այլ աղբյուրներից: Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2016 թվականին 30 հազար ԱՄՆ դոլարով ականջօղ է գնել, 5 հազար դրամի չափով էլ՝ բաժնեմաս: Նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել է 20 միլիոն դրամ, 31 հազար դոլար, 27 հազար եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 17 միլիոն դրամ, 28 հազար դոլար, 26 հազար եվրո: Ջավահիր Ծառուկյանի եկամուտը կազմել է 18 միլիոն դրամ (վարձակալության դիմաց ստացված վճարը), 121 հազար եվրո (այլ եկամուտ) եւ 300 հազար ԱՄՆ դոլար (շահաբաժնից)»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ը այս տարվա հունվարին անդրադարձել էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկից 1 մլն 975 հազար դրամի խոզի մսի կորստի փաստի առթիվ հարուցված քրեական գործին: Ինչպես հայտնի է՝ ամբաստանյալի աթոռին էր հայտնվել ՀՀ ՊՆ N զորամասի պարենային պահեստի պետ Պարգեւ Կարապետյանը: Եվ այսպես՝ խոզի մսի անհետացումից հետո «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, այն, որ 2015 թվականից Պարգեւ Կարապետյանին է հանձնարարվել ստուգել եւ հետեւել զորամաս ստացվող ապրանքներին, սակայն ինչ-ինչ հանգամանքներում Կարապետյանը այն չէր իրականացրել:


Այս գործով նախաքննությունն ավարտվել էր, եւ այն 2017-ի հունվարի 23-ին ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Պարզեցինք, որ Կարապետյանը դատարանում հայտարարել է, որ կատարված արարքում իրեն մեղավոր է ճանաչում եւ խնդրում է դատարանում քննությունն իրականացվի արագացված ընթացակարգով: Դատարանը նրան դատապարտել է տուգանքի տեսքով՝ 150 հազար դրամի չափով: Ստացվում է, որ հայոց բանակից շորջ 2 միլինոի արժողությամբ խոզի մսի անհետանալն ընդամենը 150 հազար դրամ տուգանքի արժանի հանցանք է: Այ հենց այս վերաբերմունքն է պատճառը, որ բանակից արված գողությունը ոչ թե մտավախություն, պատժի անխուսափելիության զգացողություն է առաջացնում մարդկանց մոտ, այլ քմծիծաղ: Թալանիր 2 մլն, տուգանվիր 150 հազար դրամով, վատ բիզնես չէ»:


«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Անկեղծ ասած, չեմ պատկերացնում Նիկոլ Փաշինյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Ինձ թվում է՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր նա շատ ավելի օգտակար բաներ կարող է անել: Բայց այն փաստարկները, որոնք այս՝ ավագանու ընտրություններին բերվում են Նիկոլի դեմ, որեւէ քննադատության չեն դիմանում: «Երեւանցի չլինելու» մեղադրանքն ընդհանրապես անհեթեթ է: Ես նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչ է նշանակում «երեւանցի» բառը: Հավանաբար, ինչ-որ գավառական-քաղքենիական որակում է, որով ուղեղի երկուսուկես ծալք ունեցող «տղերքը» փորձում են ինքնահաստատվել: Երեւանը բոլոր հայերի մայրաքաղաքն է: Նաեւ իմ՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ ծնողներս Երեւանում չեն ծնվել ու մեծացել, իսկ ես հիմա Երեւանում չեմ ապրում:


Փաշինյանի դեմ հնչող երկրորդ նկատառումը՝ համայնք ղեկավարելու փորձ չունենալը, կարող է նշանակություն ունենալ միայն մասամբ: Ի վերջո, փորձ չունեցողը կարող է ճիշտ կազմակերպել փորձ ունեցող մարդկանց: Ենթադրում եմ, որ «Ելքը» ծանրակշիռ ներկայություն կունենա Երեւանի ավագանիում: Մի քանի մանդատ կունենա նաեւ «Երկիր Ծիրանին», քանի որ, ինչպես հայտնի է, այս դասավորության դեպքում «անցողիկ շեմ» չի լինի: Մնում է, որ այդ երեք ուժերը ակտիվորեն աշխատեն ավագանիում: Ընտրվել եւ մանդատները չվերցնել, ինչպես որ դա 2009 թվականին արեց «Կոնգրեսը», ինձ ճիշտ չի թվում: Որովհետեւ, ինչպես խորհրդարանում, այնպես էլ ավագանիում, նույնիսկ փոքրամասնություն լինելով, կարելի է շատ բանի հասնել: Պարզապես մանդատը պետք է դիտել ոչ թե որպես քո անձնական արժանիքների գնահատական (դրա համար վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումներ կան), այլ այդ բառի ուղիղ իմաստով:


Չէ՞ որ mandatum լատիներենից թարգմանած նշանակում է հանձնարարություն, հրաման: Այսինքն՝ մարդը կատարում է իրեն խորհրդարան կամ ավագանի ուղարկած մարդկանց հանձնարարությունը: Այդպես էին 4-րդ գումարման Ազգային ժողովում աշխատում «Ժառանգություն» խմբակցության բոլոր անդամները: Այդպես էր «հեռացող» խորհրդարանում աշխատում ՀԱԿ խմբակցության մեծ մասը, ինչպես նաեւ` Էդմոն Մարուքյանը, Թեւան Պողոսյանը, ուրիշները: Այդպես է հիմա ավագանիում իր գործն անում Անահիտ Բախշյանը: Հիմա, նոր օրենքներով, խորհրդարանն ու ավագանին աշխատանքի ավելի լայն հնարավորություններ են ստեղծելու: Իսկ չմտածել այնպես, ինչպես մտածում է մեծամասնությունը, այնքան էլ վատ չէ: Իմ փորձից գիտեմ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ռեյտինգայինով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները, ովքեր գումար են տվել համայնքների ղեկավարներին՝ գյուղապետեր, քաղաքապետեր, մարզպետներ, եւ ակնկալել են իքս քանակի ձայն ու խաբվել են, այժմ հետ են պահանջում տվածը։ Սակայն փողերը բաժանվել են կամ ծախսվել։ Մենք տեղեկացանք, որ թեկնածուներից մեկը հետ է վերցրել մարզպետին նվիրած մեքենան, խոստումը չկատարած համայնքապետի անունով վարկ է վերցրել, որը պետք է համայնքապետը փակի։ Երրորդի բիզնեսն է խլել, բայց խոստացել է հետ տալ, եթե իր տված գումարը հետ բերի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են, Վարդան Հարությունյանն իր իսկ նշանակած տեսչության պետերին 1-2 ամիսը մեկ փոխում է։ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանի բարեկամը՝ Ռուբեն Սարկիսյանը, Եղեգնաձորից տեղափոխվել է Վանաձորի հարկային տեսչության պետ։ Նա 2 ամիս առաջ էր Արաբկիրի հարկայինից տեղափոխվել Եղեգնաձոր։ Իսկ Վանաձորի պետը գնացել է մաքսային՝ տեղակալի պաշտոնին։ Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանի եղբայրը՝ Կարեն Սարգսյանը, Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվել է Սեւանի տեսչության պետ։ Վանաձորցի, բայց տարիներով «գեներալների հետ քյալլա տվող» Արմավիրի հարկայինի պետ Արթուր Եթիմյանն էլ, որ 2016թ․ դեկտեմբերին նշանակվել էր Իջեւանի հարկային տեսչության պետ, տեղափոխվել է Գյումրի»։